ԿարևորՀասարակություն

Մարտի 1-ի գործը փակվա՞ծ․ Քոչարյանն արդարացվեց, բայց դեռ մեղադրվում է

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ապրիլի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքով  հարուցված  գործի քննությունը: Մեղադրանքի մյուս մասով՝ սահմանադրական կարգի տապալում Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները երեկ դատարանի վճռով արդարացվել են, քրեական հետապնդումը դադարեցվել է։

Դատախազությունը, սակայն,  հայտարարել է «Մարտի 1»-ի գործով մեղսագրվող արարքները վերաորակավորելու անհրաժեշտության մասին եւ  այդ նպատակով դիմել է ՍԴ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, սակայն, համոզված են, որ վերաորակման որևէ կառուցակարգ և նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա։ Գործով ստեղծված իրավիճակը մեկնաբանել այսօր խուսափել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ունենք նոր հանգամանքներ՝ ՍԴ որոշում, կոնկրետ գործով դատարանի որոշում՝ լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում նշել է արդարադատության նախարարը՝ խուսափելով  «Մարտի 1»-ի գործին վերաբերող այլ մեկնաբանություններից։   

«Լրատվամիջոցներից եմ ծանոթ, թե դատախազությունը, ՍԴ դիմելով, ինչ կարգավորումների սահմանադրականությունն է վիճարկում ։ Պետք է սպասել գործի քննությանը, տեսնել։ Կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել այն մարմնին, որը նախաձեռնում է որոշակի գործողություններ կամ կոնկրետ գործով քննություն է իրականացրել»,-ասել է նախարարը։

Գլխավոր դատախազը «Մարտի 1–ի» գործով  Սահմանադրական դատարան էր դիմել մինչև արդարացման որոշումը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ Մարտի 1-ի գործով արդարացրել է Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Դիմելով ՍԴ՝ Արթուր Դավթյանը  վիճարկում է Քրեական դատավարության օրենսգրքի՝ գործին առնչվող շուրջ 1 տասնյակ հոդված։ Դրանք ՍԴ–ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորող դրույթներն են։ Դատախազությունը մտադիր է այդ դրույթների հիման վրա վերաորակավորել գործով անցնողներին մեղսագրվող արարքները։

«Գաղտնիք չէ, որ դատական ակտերը, այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտածները, վերանայելու քրեադատավարական կառուցակարգեր կան։ ՍԴ-ի կողմից կայացված որոշումը, ըստ մեր օրենսդրության, նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար։ Մեր դիմումը ՍԴ-ին վերաբերում է հենց դրան», պարզաբանում է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Եթե մեղադրող կողմն այդպես է մտածում, թող մտածի՝ ասում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Իրենք վաղուց էին դատախազությանը միջնորդություն ներկայացրել  ՍԴ դիմելու համար, ինչը մերժվել էր հենց դատախազության կողմից՝ հիշեցնում է պաշտպանը։ Հիմա են դիմել Սահմանադրական դատարան, կսպասենք որոշմանը՝ ասում է և  շեշտում.

«Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա։ Հետեւաբար՝ ամեն գնով անձին դատապարտելու այս մոլուցքը ինքնին հակաիրավական, հակամարդկային եւ հակասահմանադրական է»։

Արամ Օրբելյանը հիշեցնում է՝ դատարանը արդարացման որոշում  է կայացրել, այսինքն՝ չկա հանցագործություն, չկա արարք, որը ՀՀ-ն՝ որպես պետություն, կհամարի հանցագործություն։ Սա տեխնիկական խնդիր չէ, մինչդեռ դատախազությունը, ըստ պաշտպանի,  գործընթացը շարունակում է դիտարկել տեխնիկական խնդրի շրջանակում ։

Ապրիլի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքով հարուցված գործի քննությունը: Գործով անցնում է նաև 2008 թվականին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրություններ սկսելու համար այդ ընկերությանը տրամադրված հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար։

«2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին, ապա ըստ գործի՝ վերջինը նպաստել է այդ գործողություններին՝ 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, միաժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Կարդացեք նաև

Back to top button