ԿարևորՀասարակություն

ԱԱԾ-ն որոշել է փոփոխել անցյալ դարում ընդունված օրենքը․ կհստակեցվեն պետական և ծառայողական գաղտնիքները

Ազգային անվտանգության ծառայությունը մշակել է նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկվում 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում։ Եթե այն ընդունվի, կփոփոխվեն պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների գործող  իրավակարգավորւմները։ Օրենքի նոր նախագծով կշարունակվի՞ ավանդույթը, որով պետական մարմինները հաճախ մերժում են տեղեկատվություն տրամադրելու հարցումները․ նախագիծն այսօր քննարկել են տեղեկատվական ոլորտի մասնագետները։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքում լիարժեքորեն նշված չէ, թե որն է՝ պետական գաղտնիք, որը՝ ծառայողական, և ինչ լիազորություններով է կառավարությունը վերահսկում դրանք։ Հստակեցված չեն նաև գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման և վերանայման ժամկետները։ Հատկապես այս հարցերը հստակեցնելու նպատակով է ԱԱԾ–ն առաջարկում փոփոխություններ կատարել օրենքում։

Տեղեկատվական ոլոտի մասնագետները բացթողումներ են նկատել օրենքի նախագծում։ Մասնավորապես, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով՝ բարեփոխումների անհրաժեշտություն վաղուց կար, սակայն կատարված շտկումները բավարար չեն։Ասում է՝ պետական մարմինները երբեմն հղում են անում օրենքին՝ չմատնանշելով կոնկրետ դրույթը, որով մերժում են հարցումը։ Իսկ որպես դրական նորություն՝ Շուշան Դոյդոյանը նշում է գաղտնազերծման ընթացակարգի հստակեցումը։  

«Միակ դրական լուծումը, որ ես տեսնում եմ և ուզում եմ արձանագրել, գաղտնազերծման գործընթացի որոշակիորեն հստակ ընթացակարգի սահմանումն է, և պիտի նշեմ, որ այս դեպքում նույնպես գրեթե բացակայում է պրակտիկան։ 2011թվականից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը փորձում է պետական մարմիններից հստակ իմանալ, թե նախորդ տարում քանի փաստաթուղթ է գաղտնազերծել պետական մարմինը՝ հենվելով պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի վրա»,-ասում է Շուշան Դոյդոյանը։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ օրենքի նախագիծն անվերահսկելի մահակ է քաղաքացիների գլխին։ Անվստահության բուն պատճառն այն է, որ չկաանկախ մարմին, որը կվերահսկի գաղտնիքի կամ տեղեկությունների սահմանափակման հիմնավորվածության խնդիրները։ Արթուր Սաքունցն ասում է․

«Նման անկախ վերահսկող մարմին ընդհանրապես այս օրենքի մեջ չկա, իրենք սահմանում են, իրենք կիրառում են, իրենք որոշում են հետևել, իրենք էլ որոշում են՝ երբ գաղտնազերծեն կամ չգաղտնազերծեն։ Իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի և ժողովրդավարական վերահսկողության տեսակետից սա անկյունաքարային հարց է, որին չկա անդրադարձ ո՛չ գործող օրենքում, ո՛չ առաջարկվող նախագծում»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ նման անկախ մարմնի փոխարեն անհրաժեշտ են խորհրդարանական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, որոնք չկան։ Բայց նա էլ նախ կարևորում է պետական գաղտնիքի սահմանումը․

«Հետխորհրդային տարածքում  Հայաստանը, կարելի է ասել, եզակի պետություններից է, որը դեռևս չի ձերբազատվել այն տրամաբանությունից, թե պետք է հստակ սահմանել այն տեղեկատվությունը, այն ծավալը, այն շրջանակը, որը երբևէ չի կարող հանդիսանալ պետական կամ ծառայողական գաղտնիք, մինչդեռ պետք է  անսահմանափակ հնարավորություն տալ պետական մարմնին՝ դասակարգել այս կամ այն ինֆորմացիան գաղտնի ռեժիմի տակ»,-նշում է Մարտիրոսյանը։

Մասնագետների դիտարկմամբ՝ նախագիծը մշակվել է նեղ շրջանակում՝ առանց լայն քննարկման։  Նրանք հուսով են, որ մինչև օրենք դառնալը՝ նախագիծը հետ կուղարկվի և կլրամշակվի։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տվյալներով՝ պետական մարմիններին ուղղված հարցումների 52 տոկոսը մերժվել է անձնական տվյալների պաշտպանության, իսկ 39 տոկոսը՝ պետական գաղտնիքի հիմքով։

Կարդացեք նաև

Back to top button