
Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ, որը կունենա մի քանի օդանավ: Հայկական ավիափոխադրող ընկերության ստեղծումը մի շարք կարևոր հարցեր կլուծի․ էականորեն կբարելավվի փոստային առաքումների գործընթացը, կկրճատվեն միջազգային փոստի փոխադրման ժամկետերը: Բայց ամենակարևորը՝ սա ռազմավարական նշանակության հարց կարող է լուծել․ Հայաստանը մինչ օրս չի ունեցել սեփական բեռնափոխադրող օդանավեր։
Ստեղծման փուլում գտնվող «Հայփոստ Էյր» ընկերությունը հայաստանյան շուկայում առաջինն է լինելու, որը կիրականացնի ավիացիոն բեռնափոխադրումներ։ Որպես «Հայփոստ»–ի դուստր ձեռնարկություն ստեղծվող այս ընկերությունն առաջնահերթորեն զբաղվելու է փոստի տեղափոխմամբ, բայց նաև բեռնափոխադրումներ կիրականացնի։ «Ռադիոլուրի» հետ զրույցում «Հայփոստ» ընկերության մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամանն ասում է՝ առայժմ հստակ ժամկետեր չեն նախանշվում, թե երբ կգործի ընկերութունը։ Դա կապված է լիցենզավորման և օդանավային պարկի համալրման հետ։ Ավիափոխադրման սակագներից ևս այս պահին վաղ է խոսելը, ասում է զրուցակիցս, բայց մի հարցում վստահ է՝ գների նվազում, անշուշտ, կլինի, իսկ փոստային փոխադրումները կարագանան։
«Հայաստանյան ընկերության գործունեությամբ կկրճատվեն փոստի տեղափոխման ժամկետերը։ Սակագներից վաղ է խոսել․ դրանք գոյանում են մի քանի չափորոշիչներով, որոնցից են տրանսպորտային և լոգիստիկ ծախսերը»,-ասում է Աբրահամյանը։
Ավիացիոն ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանն այս ընկերության ստեղծումը կարևորում է նախ երկրի ռազմավարական անվտանգության տեսանկյունից։ Պատերազմի շրջանում մեզ շատ էր պետք ունենալ սեփական բեռնափոխադրող օդանավերը, մենք տեսնում էինք, թե ինչպես են մեր թշնամի երկրներն իրենց սեփական օդանավերով բեռնափոխադրում իրականացնում։
«Պատերազմի ժամանակ տեսնում էինք՝ ինչպես էին թշնամի երկրները մի քանի բեռնատարով օրական տասնյակ չվերթ իրականացնում, իսկ մենք չունեինք օդանավ, և ոչ ոք մեզ չօգնեց։ Մեկ օդանավով մտանք պատերազմի մեջ և ունեցանք այդ ավարտը։ Բեռնատար օդանավեր ունենալը շատ մեծ օգուտ կլինի այդ խնդրի լուծման համար։ Ինչքան շատ ունենանք օդանավեր, այնքան լավ»,-ասում է Նավիկ Խաչատրյանը։
Հայաստանը երբեք չի ունեցել սեփական բեռնափոխադրող օդանավեր։ Մինչդեռ ներկայում դրանց առկայությունը մեծ անհրաժեշտություն է՝ նաև համավարակի առումով։ Մինչ այժմ մեր երկիրն իրականացրել է բեռնափոխադրումներ տարբեր կազմակերպությունների հետ գործակցությամբ՝ «Արմավիա», «Ֆլայ Դուբայ», «Էյր Ֆրանս», Ավստրիական ավիաուղիներ և այլն։ Բայց բեռնափոխադրումներ իրականացնողներ տեղական ընկերություն ունենալով միանշանակ կունենանք ավելի ցածր սակագներ ասում է մասնագետը։
«Եթե Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվի, շատ մեծ հնարավորություն կա, որ կարգո օդանավով բեռներ տեղափոխվեն և թռիչքներ իրականացվեն»,-նշում է Խաչատրյանը։
Կարգո օդանավեր ունենալը երկրի համար օրինաչափ է ու կարևոր․ ժամանակն է, որ Հայաստանն էլ իր սեփականն ունենա։ Սա նաև լրացուցիչ դրական ազդեցություն կունենա․ նախ՝ կներգրավվեն ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ, բացի դրանից՝ ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության ստեղծումը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, նաև՝ հարկային մուտքեր։




