
Դատարան դիմելը մի քանի ամսից ավելի «թանկ» կարժենա: Գործադիրն ու օրենսդիրը վերջին քայլերն են անում առաջարկին օրենքի ուժ տալու համար: «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն արդեն ընդունվել են առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել են այսօր ԱԺ ոլորտային հանձնաժողովում: Առաջարկվում է դատարան դիմելու՝ պետտուրքի բարձրացված սակագները կիրառել նախագծի ընդունումից 6 ամիս անց:
Կառավարությունը տարբեր հիմնավորումներ է բերում, թե ինչու է որոշել շուրջ 4 անգամ բարձրացնել դատարան դիմելու համար սահմանված պետտուրքի չափը: Առաջին ատյանի դատարան դիմելիս, օրինակ, դրամական պահանջներով հայցերի դեպքում նոր «գնացուցակով» 1500 դրամի փոխարեն սահմանվում է 6000 դրամ, պետական տուրքի առավելագույն չափը առաջին ատյանի դատարանում կկազմի 25, Վերաքննիչ դատարանում՝ 15, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Արդարադատության փոխնախարար Վահե Դավթյանը փոփոխությունը դիտարկում է քաղաքացիների շահերի տեսանկյունից։
«Կանխարգելիչ նշանակություն ունի: Այսինքն՝ անհիմն հայցադիմումներ չեն ներկայացվի քաղաքացների նկատմամբ և իրավունքի չարաշահում տեղի չի ունենա: Հետևաբար՝ միանշանակ հնարավոր չէ պնդել, որ պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացիների է լինելու, մի շարք դեպքերում լինելու է հօգուտ քաղաքացիների»,-ասում է Դավթյանը:
Նախագիծը մշակելիս կառավարությունը հիմնովին է պատրաստվել և հաշվարկել, որ 1990–ից սկսած դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը չի փոխվել, սակայն երկրում սոցիալ-տնտեսական պայմանները մոտ 4 անգամ փոխվել են: Արդարադատության նախարարն ասում է, որ 2018-ին դատարաններում շուրջ 9 մլրդ դրամի փաստացի ծախսեր են կատարվել, մինչդեռ ստացվել է 1,7 մլրդ դրամի եկամուտ: Հաջորդ տարի 12 մլրդ դրամի ծախսի դիմաց ստացվել է 2 մլրդ դրամ եկամուտ: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, փոխնախարարը վստահեցնում է՝ ոչ մի տեղ այնպիսի գներ չեն գործում, ինչպիսիք Հայաստանի դատարաններում են:
Փոփոխությունները, սակայն, միայն պետտուրքի բարձրացումներին չեն առնչվում: Կան նաև այլ կարգավորումներ, որոնք բխում են մարդու իրավունքներից.
«Լրացուցիչ կարևոր արտոնություններ են սահմանվել, որոնցից են, օրինակ, համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը բողոքարկելը հավաքների կազմակերպման ժամանակ: Այդ դեպքերում պետական տուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի նաև ընտանիքում բռնության հետ կապված գործերով, նաև՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, եթե դատարանում վիճարկում են Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումների, զանցանքերի հետ կապված հարցերը»:
Նախագծում ավելացել է նաև պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու իրավահարաբերություններին: Այդ դեպքում ևս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկների մի մասը կառավարությունն ընդունել է, որոշները ՝ մերժել: Այդ պատճառով էլ «լուսավորականներից» Անի Սամսոնյանը նախագծին ոչ դեմ է, ոչ կողմ. ձեռնպահ է:
«Գիտակցելով, ըմբռնելով, որ արդարադատության ծախսերը պետք է կարողանանք ծածկել, միևնույն ժամանակ հաշվի ենք նստում ներկա իրողությունների և սոցիալ-տնտեսական վատթարացած վիճակի հետ։ Մենք առաջարկում էինք քաղաքացիների համար վարչական, քաղաքացիական գործերով պետտուրքի բարձրացումը պարզապես հետաձգել»:
Իրավապաշտպաններն ու փաստաբանները միանշանակ չեն ընդունում առաջարկված փոփոխությունները: Նախագծի հիմքում միայն տնտեսական հիմնավորումներ և, այսպես ասենք, «բյուջե լցնելու» ցանկություն տեսնում են շատերը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսում է ավելի լուրջ վտանգների մասին. «Փոփոխությունը միանշանակ ենթադրում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, արդարադատության մատչելիության սահմանափակում, ինչը, մեղմ ասած, անթույլատրելի է»:
Պետտուրքի փոփոխված «սակագները» գործելու են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս անց: Սա նույնպես փոփոխություն է, քանի որ նախնական տարբերակում նախատեսվում էր փոփոխությունները կիրառել փաստաթղթի ընդունումից հետո մեկ ամիս անց:





