
Ապրիլի 4-ը ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օրն է: Փետրվարին Հայաստանում արձանագրվել է ականային վտանգ պարունակող 120 տարածք՝ շուրջ 18.000 քառակուսի մետր մակերեսով:
Անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ականազերծման աշխատանքները, հանրությունը պետք է իրազեկվի և կարողանա պաշտպանվել ականային վտանգից։ Ամենաառաջինը՝ լինել զգոն եւ վտանգավոր առարկաներ տեսնելիս ինքնուրույն որևէ քայլ չձեռնարկել,-հորդորում է Կարինե Հախնազարյանը:
Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է:
Ասում է. «Դա, իսկապես, վտանգավոր է, խնդրում ենք դիմել միայն մասնագետներին։ Զանգահարեք 911՝ ԱԻՆ, կամ ոստիկանություն՝ 1-02, եւ վերջապես, մեր Հումանիտար ականազերծման կենտրոնի թեժ գծին՝ 080009000 հեռախոսահամարով»։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տվյալներով՝ այս տարվա փետրվարի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք՝ ընդհանուր 17 636 470 քառակուսի մետր մակերեսով: Ականներով ծանրաբեռնված մարզերն են Սյունիքը, Տավուշը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը։ Նախորդ պատերազմներից դեռ լրիվ չականազերծված՝ ավելացան նաև 44-օրյա պատերզամից մնացած վտանգները:
Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը հրետակոծել էր Դավիթ Բեկ բնակավայրը։ Այստեղ, Կարինե Հախնազարյանի փոխանցմամբ, ականազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել էին 2019 թվականին:
Նա ափսոսանքով նկատում է. «2019-ին տարածքն ամբողջությամբ մաքրված էր եւ հանձնել էինք արդեն շահագործման, բայց վերջին պատերազմական գործողություններից հետո այն այս պահին աղտոտված է»։
Ականազերծման աշխատանքներին աջակցում է «Հայկական Կարմիր Խաչ»-ը: Ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն ասում է, որ ականազերծման աշխատանքների հատուկ ժամանակացույց չկա, իսկ իրազեկումը կարևոր է, որովհետև տեղեկացված բնակիչը կօգնի, որ վտանգավոր առարկաներն ավելի շուտ բացահայտվեն:
Բայց ընդհանուր գործընթացը, Նունե Գրիգորյանի տեղեկացմամբ, սովորաբար երկար է տևում. «Եթե ավելի ստույգ պատկերացնենք՝ մեկ օրում մեկ ականազերծողը, լավ եղանակային պայմանների ընթացքում, կարող է 15-20 քմ ականազերծել։ Այսինքն՝ դա բավականին երկար գործողություն է»:
Ականային վտանգ վտանգ պարունակող կամ արդեն ականազերծված տարածքների քարտեզներ այս պահին չկան։ Ուսումնասիրություններ են պետք։ ՀԿԽ-ի մասնագետները դեկտեմբերից 3 հազար քմ տարածքում ոչ տեխնիկական հետազոտություններ են իրականացրել։ Փետրվարին հայտնաբերվել է կասետային ենթազինամթերք։ Տարածքը նշագրվել է, բայց դրանք միայն մասնակի, տեղայնացված նշագրումներ են։ Անձրևային եղանակի պատճառով այս պահին Սյունիքի մարզում հետազոտման աշխատանքներն ընդհատված են, բայց մոտ օրերս կվերսկսվեն: Իսկ մինչև վերջնական ականազերծում՝ բնակչության իրազեկում է իրականացվում. Կարինե Հախնազարյանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով:





