ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս է Հայաստանում նույնականացվում կորոնավիրուսի բրիտանական շտամը

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միակ լաբորատորիան է, որտեղ նույնականացվում է  կորոնավիրուսի բրիտանական շտամը։ Հայաստանում օրեր առաջ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի առաջին դեպքը․ արդեն տասնյակ դեպքեր են գրանցվել։

ԳԱԱ ինստիտուտը գործակցում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ։ Covid-թեստերի դրական ախտորոշումից հետո կենտրոնը դրանք ուղարկում է մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ՝ սեքվենավորման՝ ԴՆԹ հիմքերի հաջորդականության բացահայտման։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել է՝  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մոտ օրերս կստանա մուտացիաների հայտնաբերման սքրինինգային թեստեր, ըստ այդմ արդեն ԱՆ կենտրոնն էլ կկարողանա թեստավորել բրիտանական շտամը։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից նաեւ տեղեկացնում են՝ covid-ախտորոշման թեստեր Հայաստանում այլեւս չեն արտադրվում։ Դա մեկանգամյա գործընթաց էր՝ Հայաստանն անհրաժեշտ թեստերով ապահովելու համար։  Նոյեմբերին արտադրվածն ամբողջությամբ սպառվել է։ Այժմ թեստերի գները ցածր են, և ինստիտուտը թեստ արտադրելու փոխարեն զբաղվում է վիրուսի գենետիկայի ուսումնասիրությամբ  և շտամերի գենետիկական բնութագրմամբ։

Ինչպե՞ս է տարբերվում կորոնավիրուսի բրիտանական շտամը ներկայում տարածված շտամից, ինչպե՞ս է այն նույնականացվում․ հետաքրքիր մանրամասները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը՝ տեղեկացնելով՝ բրիտանական շտամը նույն կորոնավիրուսային վարակն է։ Վիրուսը ժամանակի ընթացքում ձեռք է բերել մի քանի նոր մուտացիաներ, որոնք տարբերակվում են Ուհանում հայտնաբերված շտամից։

Կարդացեք նաև

Back to top button