ԿարևորՀասարակություն

Հայաստանը հրաժեշտ տվեց Կոմանդոսին

Մարզահամերգային համալիրի նախասրահում հրաժեշտ են  տվել  Արցախի հերոս գեներալ մայոր  Արկադի-Տեր Թադևոսյանին։  Դրսում  Կոմադոսի ընկերներ են, հարազատները ու պարզապես քաղաքացիներ,որոնք եկել են վերջին անգամ տեսնելու լեգենդար հրամատարին։ 

«Երբ ասում են Կոմանդոս, անմիջապես պատկերացնում ենք Շուշի, նա Շուշիի խոհրդանիշն  էր, այսօր երկուսն էլ չկան»։  Ասում է «Սասունցի Դավիթ»  ջոկատի  հիմնադիր  նախագահ   Համլետ Հովսեփյանը․ «Չդիմացավ սիրտը այս արհավիրքին։ Այդ հաղթանակները որ 90- ականներին կերտվեցին, այդ օրերին ազգը միասնական էր»։

Կոմանդոս անունով հերոսին կնքել է նրա զինակից ընկեր  գնդապետ Արա Մուրադյանը, որի հետ ծանոթացել են դեռևս 1991 թվականին, Արցախում։ Նա եղել է առաջնորդ, ում խոսքով ռազմական գործողութունների են գնացել։ Մինչև Կոմանդոս դառնալը՝ նրան պարզապես դիմում էին հրամանատար, շեֆ, շախմատիստ բառերով կամ՝ ազգանունով։

Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Անունը տրվել է Արցախում, գյուղերը պաշտպանելու նպատակով լեռնային անտառներում իրականացված գործողություններից հետո։  Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ում թվացել է, թե սարերում հայերի բազմաթիվ ջոկատներ կան:

«Լենգենդներն անմահ են,Կոմանդոսը գնաց համալրելու նրանց շարքերը։ Կարծում եմ Կոմանդոսի հոգին միշտ  վառ է լինելու և ջերմացնելու է մատաղ սերնդին,նրա անցած ճանապարհը նրա նվիրվածությունը հայրենիքին՝  վառ օրինակ պետք է լինի նաև ռազմական ուսուցման մեջ»,–ասում է Պաշտպանության նախկին նախարարը Սեյրան Օհանյանը։ 

Արկադի Տեր-Թադևոսյանը բացարձակ հեղինակություն էր վայելում ռազմաճակատում և անսահման ճանաչում՝ թիկունքում։ Պատճառը ոչ միայն Շուշիի ազատագրման հաջողված օպերացիան էր, այլ նաև նրա մարդկային որակները։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լեգենդար հրամանատարին ճանաչում է 90- ականներից։

«Կոմանդոսին ես ճանաչում եմ 90-ական թվականներից։ Ասաց Վաղարշակ Հարությունյանը։ — Ամենադժվար պահին, երբ ձևավորվում էր Ղարաբաղի բանակը, ռազմաքաղաքական վիճակը շատ բարդ էր, պաշտպանության կոմիտեն որոշեց նրան ուղարկել Ղարաբաղ: Նա ամենադժվար պահին մեկնեց Ղարաբաղ և սկսեց մի կողմից մասնակցել մարտական գործողություններին, մյուս կողմից՝ ձևավորել բանակը»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը։

Տարիներ անց՝ խոսելով իր անցած հերոսական ճանապարհից՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ առանց իր զինվորներին ոչինչ չէր կարող անել, հաղթանակը նրանք են կերտել:

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս, քանի որ հաղթանակը հայի գենի մեջ է»,-ասել է Կոմանդոսը։

«Հաղթանակած զորավարը  տեսավ  այս պարտությունը ու չհամակերպվեց»,-ասում  է  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Արցախցիները նրան շատ  էին սիրում։ 90- ականներին  Արցախում ով երեխա էր ունենում, անունը դնում էին Արկադի»,–հիշում է ԵԿՄ նախագահը։

Անցած տարի լեգենդար հրամատարը հյուրընկալվել էր Հանրային Ռադիոյում։ Գործընկերս՝ Ալիսա Գևորգյանը, հարցրել էր՝  հերոսներին կարելի՞ է խաղաղ պայմաներում ճանաչել։ Կոմանդոսը պատասխնել էր․ «Մենք նրանց չենք ճանաչում, քանի որ հերոսներն սպասում են իրենց ժամանակին։  Հիմա  Եռաբլուր ես գնում ու տեսնում ես՝ Լեոնիդ Ազգալդյանին․ ո՞վ է նա եղել, Յուրա Հովհաննիսյանը ո՞վ է եղել․ գիտնականներ, որոնց կապել է հայրենիքը»։

Այսօր  լեգենդար հրամանատարի մարմինն ամփոփվել է Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում։ Այդպես ցանկացել է Կոմանդոսը։ 

Կարդացեք նաև

Back to top button