ԿարևորՀասարակություն

Ի՞նչ եղան «ապօրինի գույքի» բռնագանձման գործերը

Ինչպե՞ս ապօրինի գույքը դարձնել պետական սեփականություն. պետությունը գտել է բանաձևը՝ ընդունելով համապատասխան օրենքն ու  ստեղծելով հատուկ կառույցներ:  Ի սկզբանե նախատեսվում էր  ուսումնասիրության  առարկա դարձնել այն գույքը, որի ծագումը կասկածելի է, իսկ արժեքն անցնում է  25 միլիոն դրամի սահմանը: Օրենքի վերջնական տարբերակում  ամրագրվեց  50 միլիոն դրամի շեմը:  

Օրենքի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում  ապօրինի գույքի բռնագանձման մեղադրանքով  որևէ դատավճիռ չի կայացվել, մինչդեռ մի քանի հարյուր գործերով  դատախազությունում քննություն է ընթանում:

Գլխավոր դատախազությունը նյութեր է ստացել հնարավոր ապօրինի ծագման գույք ունեցող   430 անձի վերաբերյալ: Որոշվել է ուսումնասիրել 214-ը, մյուսների առնչությամբ ուսումնասիրություն չնախաձեռնելու որոշումները կայացվել են 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայության պատճառով, ինչպես նաև՝ այլ հիմքերով:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը  ընդունվեց 2020–ի ապրիլին:  Օրենքի հետ մեծ հույսեր էին կապվում, զուգահեռաբար  հնչում էին կասկածներ դրա արդյունավետության վերաբերյալ։  Այդ կասկածները կային նաև խորհրդարանում   օրենքի ընդունման ժամանակ։

«Բերեմ կոնկրետ օրինակ  բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գույքի և ունեցվածքի հետ կապված, որի հայտարարագրած ամսական աշխատավարձը կազմել է 416 հազար դրամ: Այդ պաշտոնյան Երևանի թաղամասերից մեկում ունի դղյակ՝ մասնագիտական գնահատմամբ՝ 3 միլիոն դրամ արժողությամբ, 72 ամյա թոշակառու մոր անունով ունի 3 դղյակ՝ 5.5 միլիոն դոլար գումարային արժեքով: Հորաքրոջ որդու անունով եռահարկ առևտրի կենտրոն՝ 2 միլիոն դոլար արժեքով, բազմաբնակարան նորակառույց բնակելի շենք՝ ընկերոջ կնոջ քրոջ անունով 4 միլիոն դոլար գումարային արժեքով: Միայն թվարկված ունեցվածքի գումարային արժեքը 14.5 միլիոն դոլար է: 416 հազար դրամ աշխատավարձով 14.5 դոլարի գույք, ունեցվածք ունենալու համար անհրաժեշտ է 1408 տարի: Այսինքն՝ այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մ.թ 612 թվականին ու ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնում»:

Պատգամավոր Արեն Մկրտչյանի բանաձևով՝ 612 թվականին ծնված մերօրյա ներկա և նախկին պաշտոնյաներից որևէ մեկը ոչ պետությանը, ոչ էլ հանրությանը դեռ առարկայորեն  չի պարզաբանել իր ունեցվածքի ծագումնաբանությունը: Աղմկահարույց դարձած օրենքով ոչ մի ապօրինի գույք դեռ չի պետականացվել:

Պատասխանատուներն ասում են՝ ապօրինի գույքի բռնագանձման արագ գործընթաց երբեք չեն խոստացել: Կան գործի ուսումնասիրության ընթացակարգեր և  ժամկետեր, որոնք ժամանակ են պահանջում՝  ասում է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը.

«Երկու տարուց ավելի ուսումնասիրություն չի կարող իրականացվել, բացառությամբ, երբ միջազգային հարցում է ուղարկվել կոնկրետ գործով: Այդ դեպքում ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ, միայն մեկ տարի ժամկետով: Կախված նրանից, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի գործի համար կոնկրետ ապացույցների բավարար շրջանակը հավաքելու համար, արդեն պարզ կլինի, թե երբ կներկայացվեն հայցադիմումները՝ ըստ հերթականության դատարաններ: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հանրությունն արդեն կլսի այս գործիքի գործնական կիրառության մասին»:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բոլոր գործերը քննելու են հակակառուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանները: Դատական նոր մարմին ստեղծելու օրենսդրական հիմքը դրվեց մոտ 3 ամիս առաջ: Խորհրդարանն արդեն ընդունել է համապատասխան փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Հակակոռուպցիոն դատարանը, սակայն, դեռ շենք էլ չունի: Կառավարությունը հատկացրել է 15 հեկտար տարածք և 21 միլիոն դրամից ավելի գումար այդ խնդիրը լուծելու համար: Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 10 դատավոր։

Մինչ կառավարությունը խոսում էր, այսպես ասենք, «գողոնը» պետությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին, մշակում և քննարկում էր համապատասխան կարգավորումները, իսկ հետո՝ ստեղծում անհրաժեշտ կառույցները, ստացվում էին ազդակներ, որ սկսվել է ապօրինի գույքի «մաքրման» գործընթաց՝ դրանք օրինական գնորդներին վաճառելու փորձերի տեսքով: Այդ փաստերը կօգնեն ուսումնասիրություններին՝ ԱԺ-ում վստահեցրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Իրականում այն անձինք, ովքեր այս պահին կեղծ պայմանագրեր են կնքում, պետք է շնորհակալություն հայտնենք իրենց, որովհետև պետության աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքում ապօրինի ծագում ունեցող գույքի մասին: Ինչ վերաբերում է հարցին,  որ հնարավոր է այդ գույքը վաճառվի բարեխիղճ ձեռքբերողին, իրականում ոչ մի բարեխիղճ ձեռքբերող առանց պատշաճ տարրական փաստաթղթերի ուսումնասիրության նման ռիսկի չի գնա, և մենք այդ իրավիճակը չենք ունենա», – ասել էր նախարարը:

Մի կողմից՝ ապօրինի գույքի բռնագաձման գործընթացը ընկալվում է որպես սոցիալական արդարության վերականգնման փորձ, մյուս կողմից՝ այն «քաղաքական մահակ» օգտագործելու հնարավորություն է: Պետությունը, սակայն,  նախապես զգուշացրել  էր՝ Հայաստանի բնակիչների 99 %-ին այս օրենքը չի առնչվի: 

Կարդացեք նաև

Back to top button