ԿարևորՀասարակություն

Դատարանը սանկցիա է կիրառել դատախազների և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նկատմամբ

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով արդեն երկրորդ դատական նիստն է անցկացվում Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՔՕ 300.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց: 

Դատարանն այսօրվա նիստում որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներ Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի և Հայկ Ալումյանի և նաև մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողություն։

Ըստ դատավորի` նրանց վարքագիծը հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը:

Դատարանը արձանագրում է, որ դատավարության ցանկացած մասնակից, այդ թվում՝ պաշտպանները և դատախազները, պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին, գտնվել դատական նիստերի դահլիճում մինչև դատական նիստի ավարտը կամ մինչև ընդմիջում հայտարարելը և իրականացնել իրենց դատավարական պարտականությունները: Ինչ վերաբերում է մեղադրողների չներկայանալուն, դատարանը արձանագրեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին և միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը չի կարող ազատել վերը նշված պարտականությունները կատարելուց:

Դատարանը ոչ իրավաչափ է գնահատում պաշտպանների մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների մարտի 30-ին դրսևորած վարքագիծը:

Մարտի 30-ի նիստը հետաձգվել էր դատախազների բացակայության պատճառով: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանուցում էր ուղարկել, որ ծավալուն միջնորդություն են պատրաստում եւ խնդրել էին տեղափոխել նիստը ապրիլի 6-ին։

Իսկ մարտի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատական նիստի ընթացքում լքել էին դահլիճը` առանց դատարանի թույլտվության, գործով դատաքննության մեկնարկի մասին դատավորի հայտարարությունից հետո:

Կարդացեք նաև

Back to top button