
Ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:




