ԿարևորՀասարակություն

Սահմանին գազի գինը կփոխվի՞․ ՌԴ հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է

Հայաստանն այս օրերին տեխնիկական պատճառներով շարունակում է ռուսական կողմից գազ ստանալ Ադրբեջանի տարածքով։ Իսկ այս ընթացքում՝ մարտի 31–ին ավարտվել է «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև  պայմանագրի ժամկետը․ դրանով սահմանվում են Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման պայմանները։ Պայմանագրի ժամկետերն ու պայմաններն ինչպե՞ս կփոխվեն․ «Ռադիոլուրին» պարզաբանում են ներկայացրել «Գազպրոմից»։

Հայաստանը շարունակում է  Ռուսաստանից գազ ստանալ սահմանի վրա գործող բնական գազի պայմանագրային գնով՝ «Ռադիոլուր»–ին տեղեկացրել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։  Մարտի 31-ին ավարտվել է «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ  և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև  կնքված պայմանագրի երկարաձգված ժամկետը։

«Սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Դրանց վերլուծության արդյունքներով ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը»
,– արձագանքում են ընկերությունից՝ ի պատասխան հարցի՝ պատրաստվո՞ւմ է ընկերությունը սակագների վերանայման հայտ ներկայացնել։ Ընկերությունն անհրաժեշտության դեպքում պատշաճ կծանուցի, իսկ առայժմ հայտի մասին խոսք չկա՝ փոխանցում են։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կարծում են՝ նոր սակագների հայտի ներկայացման նախադրյալներ չկան, բայց նաև որոշ հստակեցումների կարիք կա՝ հասկանալու՝ սահմանին որքա՞ն է կազմելու գազի սակագինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Ռադիոլուր»–ի հարցին ի պատասխան արձագանքում է՝ 

«Սակագների փոփոխության մասին դեռ տեղեկություն չկա։ Գործող պայմանագրի ժամկետը պետք է երկարաձգվի»։

 2019-ի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 1.000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից սահմանվել  է 165 դոլար։  Մոտ երկու շաբաթ է՝ ռուսական գազը Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով, քանի որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվում։«Գազպրոմի» տեղեկացմամբ՝ Ադրբեջանի տարածքով գազի փոխադրումը կտևի մինչև 2021 թ-ի ապրիլի 15-ը։  Հնարավո՞ր է ժամկետի երկարաձգում, արդյո՞ք Ադրբեջանը չի խոչընդոտում Հայաստան գազի մատարակարումը․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից արձագանքում են․

 «ՌԴ-ից Հայաստանին բնական գազ մատակարարվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև պայմանագրով։ Դրա դրույթների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընդունել և ընդունում է բնական գազի համապատասխան քանակը «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում, որը տեղակայված է Վրաստանի տարածքում: Հանրապետության գազամատակարարումն իրականացվում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով՝ սպառման համար բավարար ծավալներով: Իսկ մինչև «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայան բնական գազի փոխադրմանն առնչվող հարցերը դուրս են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրավասություններից»:

Որքա՞ն են Աբովյանի պահեստարաններում կուտակված գազի ծավալները․ ընկերությունից չեն հստակեցնում․ պետական և ծառայողական գաղտնիք է՝ պարզաբանում են։

Կարդացեք նաև

Back to top button