
Տարվա առաջին եռամսյակի ավարտին վարչապետը հայտարարել է՝ հարկային եկամուտների աճ է արձանագրվել։ Լավատեսական միտում հիմք ընդունելով՝ ֆինանսների նախարարությունը բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացրել է 40 մլրդ դրամով։
Բյուջեի եկամուտները ո՞ր հարկատեսակների մասով են ավելացել՝ եռամսյակի գնահատումը դեռ չի ներկայացվում։ Միջազգային մի շարք կանխատեսումներ եւս որոշակի լավատեսություն են ներշնչում։ Սակայն նույն միտումները նույնքան հուսադրող չեն համարում որոշ փորձագետներ։
Պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են․ պաշտոնական վիճակագրության տվյալներն են։ Արդյո՞ք սա նշանակում է, որ տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամը։ Փորձագիտական հարթակում կարծիքները տարբեր են, հիմնականում՝ ոչ հուսադրող։ Մինչդեռ կառավարությունում լավատեսորեն են տրամադրված։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վիճակագրությունն է մատնանշում․
«Մասնավորապես, առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8,6 մլն-ով, ինչի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ 122 մլրդ դրամ է»:

ՊԵԿ-ում հաջողություն արձանագրել են նաև հարկային եկամուտների հավաքագրումների մասով․ առաջին եռամսյակի համար նախանշված 305 մլրդ դրամից ավելի քան 22 մլրդ դրամով ավելի է հարկ հավաքվել։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ավելի լավատես է։
«Մենք կանխատեսում ենք, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով, և առաջիկայում 1 տրիլիոն 440 մլրդ դրամը 1 տրիլիոն 480 մլրդ դրամի ավելացման նախագիծ կներկայացվի կառավարության քննարկմանը»։
Առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է ավելի քան 8 տոկոսով․ սա էլ Փաշինյանի արձանագրումն է:
Առաջին եռամսյակի արդյունքներով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է՝ «Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնել 40 մլրդ դրամով: Կարծում եմ, բավական լավ ցուցանիշեր են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»:

Մանրամասն վերլուծություն, թե բյուջեի եկամուտները որ հարկատեսակների մասով են ավելացել, ֆինանսների նախարարությունը եռամսյակի կտրվածքով դեռ չունի։ Դրանք դեռ միայն հունվարի մասով են, երբ դեռ միտումները բացասական էին, լավատեսությունն ամուր հիմք չուներ։
ՀՏՊՀ պրոռեկտոր, տնտեսագետ Թաթուլ Մկրտչյանը, սակայն, կառավարության լավատեսությունը չի կիսում՝ անգամ վերջին միտումներով հանդերձ։ «Ռադիոլուր»-ի հետ զրուցում նկատում է՝ տնտեսությունը վատ վիճակում է, խախտված է տնտեսական կայուն միջավայրը։
«Տնտեսությունը շատ վատ ու ցավալի վիճակում է։ Մենք անվտանգության բարձիկներ չենք ստեղծել տնտեսության համար։ Մեր տնտեսական ակտիվությունն անկում է ապրում, մենք ՀՆԱ չենք ստեղծում, չունենք տնտեսական աճ, ուստի չենք կարող ստեղծել դրա հիման վրա լուծվելիք խնդիրների երաշխիքներ»։
Իրականացվող տնտեսական միջոցառումների արդյունքների հարցում զգուշավոր լավատես են նաեւ միջազգային կառույցները։ Հեղինակավոր Fitch-ը 2021-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական հավելաճի կանխատեսում է 3.2%, գնաճը՝ 3.5%։ Մինչդեռ ԿԲ-ն ավելի զգուշավոր է․ 2021-ի համար կրկնակի նվազ աճ է կանխատեսում՝ 1․4 տոկոս, գնաճը՝ շուրջ 4%։
Զգուշավոր լավատեսական դիտարկումներով հանդերձ՝ տնտեսագետները շարունակում են մտահոգվել՝ ունի՞ երկրի տնտեսությունն անվտանգության բարձիկներ։




