
Առաջինը Արման Բաբաջանյանն էր՝ «Լուսավոր Հայաստանից», առայժմ վերջինը՝ Գևորգ Պետրոսյանը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից: Նրանք և ևս 7 պատգամավոր խորհրդարանում հայտնվեցին կուսակցությունների համամանական ցուցակներով, իսկ հետո, տարբեր հանգամանքներից ելնելով, դուրս եկան խորհրդարանական խմբակցություններից: Նրանց ընդհանուր թիվը՝ 9-ը, բավարար է նույնիսկ առանձին խմբակցություն կազմելու համար, եթե չլինեին քաղաքական տարակարծությունները, և, իհարկե, եթե օրենքը թույլ տար:
2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, շուրջ 3 տարվա ընթացքում, Ազգային ժողովի երեք խմբակցությունները կորցրեցին իրենց որոշ թիմակիցների: Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ եղան մանդատից հրաժարվողներ, նաև պատգամավորներ, որոնք նախընտրեցին մանդատը և հրաժարվեցին թիմից:
88 մանդատով խորհրդարան անցած «Իմ քայլը» խմբակցությունը կորցրեց 5 մանդատ, 26 մանդատ ստացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռացավ, բայց մանդատը պահեց 3 պատգամավոր, 18 պատգամավորով խորհրդարան եկած «Լուսավոր Հայաստան»-ն ունեցավ նվազագույն՝ մեկ մանդատի կորուստ:
Այժմ խորհրդարանում աշխատում է 9 անկախ պատգամավոր: «Անկախների» ինստիտուտ, սակայն, օրենքով ամրագրված չէ: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով անկախ պատգամավորների գործունեությանը, ասել է. «Նույնիսկ հիմա, այսօր իրենց այստեղի աշխատանքը համարում եմ մեղմ ասած, ոչ լեգիտիմ, որովհետև իրենք, ըստ իս, ընտրվել են այն ցուցակով, այն տրամաբանությամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ղեկավար եղել»:

Առաջինը խնդրին բախվեց «Լուսավոր Հայաստան»-ը: Անկուսակցական, բայց ԼՀԿ ցուցակով խորհրդարան ընտրված Արման Բաբաջանյանը բացեց «անկախների» շարքը՝ հեռացավ թիմից, բայց հրաժարվեց մանդատը վայր դրել: Իր 18 մանդատների թիվը ԼՀԿ-ն փորձեց վերականգնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Վերաքննիչ դատարանում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիմնավորում էր, թե հանձնաժողովին տրված չէ պատգամավորի կամքին հակառակ մանդատից զրկելու իրավունք:
«ԿԸՀ կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ, ըստ ԸՕ՝ ընտրության արդյունքները ամփոփելիս: Ընտրության արդյունքները ամփոփվել են, հստակ բաշխվել է մանդատների թվաքանակը, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ կարողանում է իրականացնել և իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում»:

Օրենսդրական բացի պատճառով, այսպես ասենք, «տուժող» կողմերը շեշտը դնում էին նաև խնդրի բարոյական կողմի վրա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյան. «Ըստ էության՝ կա պատգամավոր, որն ընտրվել է մի կուսակցության ցուցակով, ձևավորել է նորկ ուսակցություն և մանդատը, որը ստացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջոցով, ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, կուսակցությանը տրված ձայների հարաբերակցությանը, և դա այս կամ այն կերպով պետք է վերականգնվեր: Չի կարող լինել այս խորհրդարանում խմբակցությունում չընտրված պատգամավոր»:
Նույն հիմնավորումներն ու նույն պայքարը իր մանդատների համար մղեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Սկզբում պայքարողների շարքում նաև պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր: Վերջերս նա էլ համալրեց «անկախների» շարքը՝ իր որոշումը հիմնավորելով այսպես. «Ցանկացած պատգամավոր ՀՀ Աժ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ազատ է դուրս գալ խմբակցությունից և որևէ մեկը իրավունք չունի բռնանալ այդ ցանկությանը: Այլ է խնդիրը, երբ ցանկացած պատգամավոր ինքն է կրում խմբակցությունը լքելու պատճառաբանությունը բերելու իրավական և բարոյական պատասխանատվությունը»:

Խորհրդարանում եղել են ժամանակներ, երբ անկախ պատգամավորների թիվը ավելի մեծ էր, բայց այն ժամանակ գործում էր այլ ընտրակարգ ու նաև Աժ-ի այլ կանոնակարգ-օրենք: Փաստաթուղթը ընդունվել է 2016 թվականին, բայց փոփոխվել է 2020-ի սեպտեմբերի 18-ին: Խմբակցությունից դուրս գալու և մանդատը պահելու, «անկախ»-ների իրավունքների մասին որևէ խոսք չկա նոր տարբերակում, փոխարենը՝ ներկայացված է հրաժարականի կարգը:
Քանի կա օրենսդրական բաց, «անկախները» մնում են խորհրդարանում, բայց առաջիկա արտահերթ ընտրությունը բերում է նրանց նոր՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի խնդիր: Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է առաջիկա ընտրություններին մասնակցելու «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը. հարցի հստակ պատասխան նա դեռ չունի. «Այս պահի դրությամբ որևէ կոնկրետ նախաձեռնության վերաբերյալ ես դիրքորոշում չունեմ և որևէ տեսակի քննարկումներին այդ հարցի առնչությամբ չեմ մասնակցել»:

Բանակցություններն ու դիրքորոշումների հստակեցումը առաջիկայում լինելու է անհրաժեշտություն բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել հունիս 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Դրանք, ամենայն հավանականությամբ, անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով, ինչը ենթադրում է բացառապես կուսակցական ընտրական ցուցակների կազմավորում:




