ԿարևորՀասարակություն

Փաշինյանի վարկանիշը զիջում է ՄԻՊ-ին, սակայն «Իմ քայլն» առջևում է․ Գելլափ

Հայաստանը պետք է ամրապնդի հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ, «Գելլափի» հարցման արդյունքներն են դուրս բերել հանրության մոտ գերակշռող այս կարծիքը։

Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է․ 5 բալանոց համակարգով, ըստ հարցման, Թաթոյանի վարկանիշը 3,7 բալ է․ «Գելլափի» հարցման արդյունքներն են։ Հանրապետության 801 քաղաքացու շրջանում հեռախոսային հարցումների արդյունքով՝ ամենացածր գնահատականը ստացել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Արման Թաթոյանինը 3.7 բալ է, 2.7 բալ ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2.4 բալ՝ Արմեն Սարգսյանը, 2.1 բալ՝ Ռոբերտ Քոչարյանը, 2.1 բալ Գագիկ Ծառուկյան, Էդմոն Մարուքյան՝ 1.9 բալ, Սերժ Սարգսյանը՝ 1.6 բալ, Իշխան Սաղաթելյանը՝ 1.5 բալ և Վազգեն Մանուկյանը՝ 1.5 բալ»։

Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին միանշանակ կմասնակցի հարցվածների  41.2 տոկոսը։ 801 քաղաքացիների 15.5 տոկոսը միանշանակ չի մասնակցի ընտրություններին։ Իսկ եթե օրենսդիրի ընտրությունները լինեին այս կիրակի, ապա քաղաքական ուժերից «Իմ քայլը» դաշինքին կողմ կքվեարկեր հարցվածների 31.7 տոկոսը,  Ռոբերտ Քոչարյանին՝ 5.9, իսկ «Հայրենիքի փրկության» շարժմանը՝ 1 տոկոսը։

«ԲՀԿ՝ 4.4 տոկոս, ԼՀԿ՝ 2.7 տոկոս։ ՀՀԿ՝ 2.4 տոկոս, ՀՅԴ՝ 2.1 տոկոս, Սասնա Ծռերը 0.5 տոկոս, «Հայրենիք» կուսակցությունը 0.4 տոկոս, Հանրապետությունը՝ 0.4, ՔՈ 0.1 տոկոս։ Ոչ մեկին նշել է 24.6 տոկոսը, 20 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»։

«Իմ քայլի» ընտրողների զանգվածն ավելի մեծ է մարզերում, քան՝ Երևանում,ասաց «Գելափ» ընկերության տնօրեն Արման նավասարդյանը։ Այս հետազոտության արդյունքներով՝ 1.4 տոկոսով նվազել է «Իմ քայլը» դաշինքի համակիրների թիվը, ասում է «Գելլափ» ընկերության տնօրենը՝ համեմատելով փետրվարին կատարված հետազոտությունների տվյալների հետ։ Իսկ թե ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ արդյո՞ք կիրականացնի արդար ու թափանցիկ ընտրություններ՝ հարցի դրական ու բացասական պատասխանների միջև տարբերություն գրեթե չկա։

«Միանշանակ «այո» պատասխանել է  հարցվածների 35.5 տոկոսը, միանշանակ ոչ՝ 29.7-ը։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 12.5 տոկոսը»։

Հարցման մասնակիցների 25.8 տոկոսի կարծիքով՝ կեղծ տեղեկատվությունը գեներացվում է ընդդիմության, իսկ 19.5 տոկոսի կարծիքով՝ իշխանության կողմից։

Կարդացեք նաև

Back to top button