
Իրատեսակա՞ն է բուհերի շենքերը վաճառելով ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը. այս հարցը քննարկման թեմա դարձրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիրի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարելով, թե ուզում են բուհերի շենքերի գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել: Փաշինյանն ասել էր նաև, թե երևանյան բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին:
Երևանից դուրս գիտակրթական կենտրոններ կառուցելու գաղափարը նոր չէ։ Դեռ նախորդ դարի կեսերին է հնչել առաջարկ՝ Երևանին մերձակա մի տարածքում համալսարանական ավան կառուցելու և մայր ԲՈւՀ-ն այնտեղ տեղափոխելու մասին: Եթե առաջարկը ընդունվեր ու կյանքի կոչվեր, ավանը կլիներ այսօրվա Ազգային ժողովի տարածքում: Գիտնականները բողոքում են, ու որոշվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը կառուցել քաղաքի կենտրոնից քիչ հեռու` նախկին Մռավյան, այսօր՝ Ալեք Մանուկյան փողոցում։
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն, ճարտարապետ Սիրեկան Օհանյանը հիշում է համալսարանական ավանի կառուցման մեկ այլ, ավելի հին նախագիծ: Դեռ Ալեքսանդր Թամանյանի նախագծով Տերյան փողոցի վերջին հատվածում Պոլիտեխնիկը և Գյուղատնտեսության ակադեմիան նախատեսվել են իբրև ուսանողական ավանի հատվածներ։ Այդ տարիներին սա դեռ քաղաքի կենտրոն չէր:
Հանրապետության մեծ բուհերն իրենց շրջակայքով արդեն փոքրիկ ավաններ են. ճարտարապետ Սիրեկան Օհանյանը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես կարելի է դրանք տեղափոխել մեկ ուրիշ տեղ: Նկատում է՝ խոսքը, գուցե, կոնկրետ մասնագիտացված բուհերի միավորման և դրանց առավել արդյունավետ գործունեության մասին է, խոշոր բուհերը պետք է շրջանցվեն.
«Դա չի կարող վերաբերել Համալսարանին, Բժշկականին, Պոլիտեխնիկին, Գյուղատնտեսականին։ Դրանք բոլորը ձևավորված են և՛ ճարտարապետական առումով, և՛ միջավայրի առումով, բոլորն էլ իրենց տեղում են։ Ես չեմ պատկերացնում՝ Համալսարանի փոխարեն ուրիշ ինչ կարող է լինել։ Այդ շենքը նախագծել է շատ ճանաչված ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը հենց Համալսարանի համար։ Դրանք պարզապես հարմարեցված շենքեր չեն։ Դրանք նախապես մտածված, տեխնոլոգիային համապատասխան նախագծված կառույցներ են, և մեծ մասը ճարտարապետական լուրջ արժեք ունի Երևանի համար»,-ասում է ճարտարապետը։
Ի տարբերություն «Երևաննախագծի» տնօրենի՝ կրթության փորձագետ Արմինե Դավթյանը վստահ է, որ խոսքը հենց Երևանի գլխավոր բուհերին էր վերաբերում, միայն թե հուսով է, որ դա ընդամենը գաղափար է, որը, ուրիշ շատ գաղափարների նման, կյանքի չի կոչվի։
«Փորձում եմ մտաբերել երկիր, որը քանդած լինի իր բուհերը և տեղափոխած լինի, այդպիսի ոչ մի երկիր չեմ հիշում։ Դա կարող է գաղափար լինել, ինչ–որ մեկի գեղեցիկ ցանկությունը։ Բայց այս պահի դրությամբ Երևանից դուրս բերել, այլ վայրում ակադեմիական քաղաք ստեղծել, չեմ կարծում, որ առողջ ծրագիր է։ Թե՛ ֆինանսական առումով ենք գլոբալ խնդիրների առաջ կանգնելու, թե՛ ժողովրդի տեղաշարժը ապահովելու։ Երևան գալը շատ ավելի հեշտ է, քան Երևանի ամբողջ տարածքից, մարզերից մեկայլ տարածք տեղափոխվելը։ Արդյո՞ք մեր պետության համար այսօր դա հրատապ խնդիր է։ Գուցե գումարները, որ պետք է ներդրվեն այդ քաղաքը կառուցելու մեջ, ներդրվեն բուհերը արդիականացնելո՞ւ մեջ»,-նկատում է փորձագետը։
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ և ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հիշում է՝ գաղափարը նոր չէ, ու առաջինը օրվա իշխանությունը չէ, որ խոսում է դրա մասին:

Ասում է. «Նախ այդ գաղափարը նոր չէ։ Այդ նույն գաղափարից նախորդ իշխանությունն արդեն խոսել է։ Աշխարհում կան շատ երկրներ, որոնք իրենց կրթական, գիտական, ակադեմիական համակարգերը կազմակերպում են այդպես։ Բայց հիմնականում դրանք այն երկրներն են, որոնք թե՛ նյութապես, թե՛ ռեսուրսներով բավականաչափ հարուստ են»։
Ռադիկ Մարտիրոսյանը չի բացառում, որ քայլեր արվեն գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ, բայց թերահավատ է, որ դրանք հաջողված արդյունքի կբերեն:
«Ենթադրենք ինչ-որ բուհի մի շենք վաճառել ենք, այդ բուհն ի՞նչ պետք է անի մինչև քաղաքը կառուցելը։ Այդ քաղաքը կառուցելու համար միջոցներ են պետք, որն այսօր պետությունը չունի»,-ասում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Ակադեմիայի նախագահի դիտարկմամբ՝ ակադեմիական քաղաքի կառուցումը մեր երկրի այսօրվա հնարավորություններով՝ իրատեսական չէ: Նա խորհուրդ է տալիս նախ ուսումնասիրել աշխարհում նման քաղաքների կառուցման պատմությունը ու քայլ անելուց առաջ սթափ գնահատել մեր հնարավորությունները:





