ԿարևորՀասարակություն

ՍԴ որոշումից հետո «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների կարգավիճակը չփոխվեց

Այսօր կայացել է «Մարտի 1»-ի գործով առաջին դատական նիստը ՍԴ որոշումից հետո: Այն պետք է հուշեր, թե ինչ ընթացք է ստանալու աղմկահարույց քրեական գործը, քանի որ դրա  հիմքում ընկած հոդվածը Սահմանադրությանը հակասող է ճանաչվել: Պաշտպանական կողմը ՍԴ որոշումից անմիջապես հետո հայտարարել էր՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Դատախազությունը  դիրքորոշում չէր հայտնել: Այն չի հայտնվել նաև այսօր․ մեղադրանքի կողմը ժամանակ է խնդրել ծավալուն միջնորդություն ներկայացնելու համար:

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը ՍԴ որոշումից հետո չկարճվեց: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին պաշտոնյաները դեռ ամբաստանյալի կարգավիճակում են: Նիստը կայացավ, բայց մեղադրական ճառը դատախազները չընթերցեցին: Նրանք այսօր չէին ներկայացել դատարան: Մեղադրող կողմը ծավալուն միջնորդություն է նախապատրաստում, ինչի համար  դատարանից մինչև ապրիլի 6-ը ժամանակ է խնդրել։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը խոսում է միտումնավոր ձգձգման մասին:

«Մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում ուրբաթ օրվանից  այլևս գոյություն չունի: Փաստորեն մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակե՞լ: Դուք հիմա պետք է քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք, բայց  քննարկում եք հարցը, թե նիստը մինչև երբ հետաձգել: Դուք պատրաստվում եք 7 օր քրեական հետապնդում շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞լ»: 

Պաշտպանական կողմն այսօր դատարան էր գնացել  գործը կարճելու մասին փաստաթուղթը ստանալու  մտադրությամբ: Ավելին՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը իրեն արդեն Խաչատուրովի պաշտպանը չէր էլ համարում:

«Այսօր ես այստեղ չեմ եկել դատական նիստի, որովհետև մարտի 26-ից իմ դատավարական կարգավիճակը, ըստ էության, փաստացի դադարեցված է: Չկա այս գործով քրեական օրինական մեղադրանք, չկա ամբաստանյալ, չկա նաև ամբաստանյալի պաշտպան: Ես այսօր եկել էի կոնկրետ որոշում ստանալու»: 

Լրագրողների հետ զրույցում արդեն փաստաբանը վստահ պնդում էր, որ Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան:

2008-ի մարտի 1-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը ևս նիստից առաջ ենթադրում էր, որ դատարանն այսօր իր խոսքը պետք է ասի և հանցակազմի բացակայության հիմքով գործը պետք է կարճվի: Իսկ թե ով էր մեղավոր 2008-ի մարտի 1-ի դեպքերի համար, հատկապես «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառման պատճառով քաղաքացիների մահվան համար, նախկին պաշտոնյանն  իր ենթադրություններն ունի: Անմեղության կանխավարկածից ելնելով՝  անուններ չի նշում, բայց ակնարկում է։

«Բոլոր տեսաերիզներում մենք տեսնում ենք, թե ով էր հրահրել, ով էր բախման կոչ անում, ում հոգին էր լուսավորում, երբ իրենք ոստիկանների ձեռքից ոստիկանական պարագաներ էին վերցնում: Ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրեցին ու խաղաղ բնակչության նկատմամբ «Չերյոմուխա» կրակեցի՞ն: Այդպես չի լինում: Պատասխանատվությունը կրում են հրահրողները և կրակողները»:

Բայց զենք կիրառողը ընդդիմության ներկայացուցիչները չեն եղել: Համենայն դեպս, չկա դատական ակտ, որ նրանք զենք են կիրառել:

Դատարանները և իրավական համակարգը թող պարզի՝ ովքեր են մեղավոր: Համենայն դեպս, ես ոչ հրաման եմ տվել կրակելու, ոչ զորք եմ հանել: ԶՈՒ-ն արտակարգ դրության պայմանների շրջանակում իր առջև դրված խնդիրն են կատարել՝ ՀՀ կարևոր օբյեկտների պահպանություն»:

Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ ՍԴ որոշումը չի կարող փոխել «Մարտի 1»-ի դատավարության ընթացքը: Նա կարծում է, որ այդ որոշման կենսագործումը պաշտպանելու է ամբաստանյալի իրավունքը՝ անտեսելով տուժողների իրավունքները։ 

«Եթե իրավական որոշակիության մասին ենք խոսում, ապա այս դեպքում ունենք իրավական որոշակիության խնդիր․  եթե ՍԴ որոշումն օրենսդրական այս բացի համատեքստում կենսագործվի, ապա կունենանք իրավական որոշակիության հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտում։ Տուժողի իրավունքի տեսանկյունից, ստացվում է, այս որոշումը կենսագործվելու է անհստակությամբ՝ ի շահ ամբաստանյալի, բայց չկարեւորելով, անտեսելով տուժողի իրավունքները»։

«Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին՝ 4 օր շուտ այն ժամկետից, որը խնդրում էին դատախազները:

Կարդացեք նաև

Back to top button