
Արագ գումար աշխատել, օգտվել բացառիկ ակցիաներից, իմանալ, թե ովքեր են եղել ձեր ֆեյսբուքյան էջի այցելուները․ սրանք այն խայծերն են, որոնք համացանցում գրավում են շատերին ու ծուղակ դառնում։
Համացանցում խարդախություններ եղել են, կան ու կլինեն․ դժվար է հստակ արձանագրել դրանց աճի կամ նվազման միտումները, բայց պատկերը մտահոգիչ է։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ խարդախությունների և դրանց, այսպես ասենք, զոհերի քանակի մասին պատկերացում կազմելու համար կարելի է պարզ դիտարկում անել․ սոցիալական ցանցերում գտնել մի հրապարակում, որում օգտատերերից պահանջվում է մեկնաբանություններում, օրինակ, ծննդյան օրը, անվան առաջին տառը կամ այլ տվյալ նշել և այդպես ինչ-որ ծառայությունից օգտվելու հնարավորություն ստանալ։ Մեկնաբանությունների թիվը հաճախ մի քանի հազարի է հասնում։
«Ցանկացած հարթակում նման խարդախություններ հնարավոր են։ Կարևոր է, թե հասարակության կողմից, որ հարթակն է ավելի շատ օգտագործվում։ Եթե մարդիկ ավելի շատ են օգտագործում Facebook-ը, ապա, բնականաբար, Facebook–ով իրականացվող խաբեություններն ավելի շատ են։ Տպավորություն չստեղծվի որ Facebook–ը վտանգավոր է, իսկ մյուս սոցցանցերը, օրինակ Telegram–ը, անվտանգ է և այնտեղ կարելի է ամեն ինչ անել»,- ասում է անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներից հաճախ է հաղորդումներ ստանում համացանցային խարդախությունների կամ կասկածելի երևույթների մասին։ Գևորգ Հայրապետյանն արձանագրում է՝ իրենց հիմնականում դիմում են ոչ թե խաբեության «զոհ» դարձած մարդիկ, այլ պարզապես ուշադիր քաղաքացիները ։
«Մարտի 23-25-ը միանգամից երեք տարբեր ոճի խաբեության ականատես եղանք։ Ըստ մի օգտատիրոջ հաղորդման՝ Facebook-ով հաղորդագրություն էր եկել օնլայն աշխատանքի մասին, որը առանց որևէ ջանքերի, ընդամենը համապատասխան ծրագիրը ներբեռնելով՝ իբրև թե հնարավորություն էր տալու գումար վաստակել։ Նման աշխատանք առաջարկողները, ինչ–որ կարգավորումներ անելու պատրվակով, վերցնում են «զոհի» էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում ձեռք բերել գաղտնաբառը»,– պատմում է Հայրապետյանը։
Արդյունքում՝ համացանցային «գողը» կարող է հասանելիություն ստանալ օգտատիրոջ անձնական տվյալներին, նաև՝ լուսանկարներին։ Իսկ դրանք հետագայում մանիպուլյացիաների գործիք են դառնում, որոնց նպատակը գումար շորթելն է։ Խաբեությամբ հարստանալու համար չարագործները հաճախ նաև «ինքնության գողություն» են անում։
«Facebook-յան օգտատիրոջ անունով կեղծ էջ էին բացել և գրել իրական ընկերներին։ Օգտատիրոջ անունից խոսելով՝ ասել էին, որ զինծառայողին անհրաժեշտ է գումար ուղարկել և խնդրել էին ուղարկել՝ հետագայում վերադարձնելու պայմանով»։
Վերջին օրերին դեպք է արձանագրվել, երբ խաբեբաները IDram օնլայն դրամապանակի անունից առաջարկել են գրանցվել և օգտվել ինչ-որ ակցիաներից։ Ընթացքում կարգավորումների համար օգտատիրոջից գաղտնաբառ ու վավերացման կոդ են պահանջել, արդյունքում՝ հասանելիություն ստացել օնլայն դրամապանակին և ֆինանսական միջոցներին։
Համացանցում ամենախոցելի խումբը երեխաներն են՝ ասում է Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։ Նրա կարծիքով՝ երեխաները հիմնականում չեն գիտակցում գրավիչ առաջարկների թաքնված վտանգները։
«Օրինակ՝ երեխաները խաղեր են խաղում, որտեղ որոշակի ընթացքից հետո, շարունակելու համար պետք է վճարում անել։ Երեխաները վերցնում են իրենց ծնողների քարտը, լրացնում տվյալները, վճարում անում, իսկ դրանից հետո իրենց ծնողների հաշվից պարբերաբար գումարներ են անհետանում։ Երեխաները հաճախ սա անում են առանց գիտակցելու և վտանգները հասկանալու»,-ասում է Քրիստինե Գյոնջյանը։
Համացանցային հիգիենան պահպանելու և պաշտպանված լինելու համար անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի խորհուրդները պարզ են, բայց միշտ կիրառելի․
- չտրամադրել սեփական օգտահաշվի գաղտնաբառը կամ դրան հասանելիություն տվող որևէ կոդ անծանոթներին,
- օգտագործել բարդ գաղտնաբառեր և չօգտվել նույն գաղտնաբառից տարբեր հարթակներում,
- չվստահել աշխատանքի այն առաջարկներին, որոնք հեշտ եղանակով մեծ գումարներ վաստակելու հնարավորություն են խոստանում,
- հիշել, որ համացանցը հարմար վայր է ինքնության գողության և ուրիշի անունից հանդես գալու համար։
«Եթե համացանցում չեք կողմնորոշվում, ապա պրոյեկտեք այդ իրավիճակը իրական կյանքի վրա։ Եթե փողոցում ինչ-որ մեկը մոտենա և հարցուփորձ անի ձեր ծանոթների, բարեկամների մասին, խնդրի ձեր երեխայի լուսանկարը կամ հեռախոսահամարը կամ ձեր անձնագրի պատճեն, կտա՞ք։ Բնականաբար ոչ, որովհետև ֆիզիկական կյանքում մարդը միանգամից այդ ռիսկը զգում է, իսկ համացանցը ստեղծում հեռավորության տպավորություն և հնարավորություն է տալիս խաբել մարդկանց»,-պարզաբանում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2015թ․։ 5 տարի առաջ էլ որպես մտահոգություն նշվում էր անձնական տվյալների նկատմամբ հասարակության ոչ բավարար ուշադրությունն ու գիտելիքների պակասը։ Նույն խնդիրը մասնագետները տեսնում են նաև այսօր։







