ԿարևորՀասարակություն

Նորից մայրանալ․ որդեկորույս ընտանիքի ապրելու նոր բանաձևը

Երազանքները չեն մեռնում։ Պայմանագրային զինծառայող Հայկ Հակոբյանը դրանցով հոկտեմբերին մեկնեց Արցախ։ Բոթը ստանալուց օրեր առաջ են ծնողներն իմացել որդու կռիվ մեկնելու մասին։ Սիրանույշ Նալբանդյան։

«Ինչ կարգի երազանքների մեջ էր, որ ասում էր մենք հաստատ Նախիջևանը գրավելու ենք, Նախիջևանը մերն է լինելու»։

Զինվորական ուղին Հայկը սկսեց 13 տարեկանից՝  «Փոքր Մհեր» կրթահամալիրից։ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ, Ճգնաժամային կառավարման ակադեմիա, արտերկրում ուսումնառություն, ապա՝ վերադարձ․ գիտելիքները հայրենիքին էին պետք։ Հետախույզ Հայկ Հակոբյանն ընկավ Ջաբրայիլի մարտադաշտում՝ փրկելով ընկերներին։  

«Հետախուզության ընթացքում փլատակների տակ վիրավոր զինվորի է գտել։ Ընկերները մտածել են՝ չի ապրի, սակայն Հայկը նրան չի թողել, հանել է դաշտից, օգնություն ցուցաբերել, բայց հետո ինքը զոհվել»։

Միակ որդուն կորցրած ընտանիքն ապրելու ուժ ստանալու նոր բանաձև է գտել։ Պետք է բեկում մտցնել ընթացքի մեջ, խմբագրել անբեկանելին։

«Ես արդեն 14 տարի է՝ հույսս կտրել էի, բայց Հայկն ինձ ստիպեց նորից փորձել։ Բժշկական կոլեկտիվի հետ փորձում ենք հրաշք գործել»։

Տանը նորից պետք է երեխայի ճիչ լսվի։ Բակը նոր գարուն պիտի տեսնի։ Դեպրեսիվ, անքուն ամիսներից, երբեմն կյանքն անիմաստ համարելու մղձավանջից հետո որդեկորույս ընտանիքը նոր լույս է փնտրում։ Նորից մայրանալը հրամայական է։

«Ես ինքս խորհուրդ եմ տալիս բոլոր այն կանանց, ովքեր հնարավորություն ունեն ունենալ թե՛ բնական ճանապարհով, թե՛ արտամարմնային բեղմնավորման  միջոցով   չամաչեն և ունենան։ Իմ աղջիկը 22 տարեկան և շուտով մայրանալու է, բայց ես չեմ ամաչում»։

Կյանքի խամրած գույներին նոր երանգ է պետք։  Մայրական բերկրանքի սպասումն այժմ այլ թրթիռ ունի։ Նախ այց Հայկի շիրիմին, հետո բժշկի՝նոր երազանքի հետևից։ Սիրանուշը բուժկենտրոն հերթական այցին է շտապում։

«Հիմա այն զգացողությունն է, որ  ես այդ կենտրոն որոշ ժամանակ անց որպես ապագա մայր եմ գնալու։  Ես գիտեմ, թե ես իմ տղային  նորից տեսնելու եմ։  Երևի դա է ներշնչում, որ ես մայրանալու եմ»։  

կրկին հայրանալու միտքն անսովոր էր, բայց Հայկի հայրը՝ Արարատը, կայացրեց կարեւոր որոշումը։  Երկար քննարկումից հետո հասկացան ՝ դա կփրկի մթությունից։

Այս պատերազմում զոհվածների մայրերի կրկին մայրանալու ծրագիր է մեկնարկել։ Արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ հետազոտությունից մինչև հղիություն՝ ծախսերը պետությունն է հոգում։ Պտղաբերության կենտրոնի բժիշկները մասնագիտական գործիքներից զատ՝ ձեռքներին «վրձին» են առել․ կյանք պետք է գունավորեն։ Բժշկությունն այսօր պատմություն պետք է խմբագրի․ ընտանիքի ու երկրի կյանք։ Տաթևիկ Կիրակոսյան։

«Ձեզ նման շատ մայրեր են մեզ արդեն դիմում։  Շատ ողջունելի է, որ նման կորստից հետո կարողանում եք ուժ գտնել և մեզ դիմել։ Մենք ամեն ինչ անելու ենք Ձեզ օգնելու համար»։

Քայլ առ քայլ՝ սենյակից սենյակ․ մի քայլ ավելի մոտ նպատակին։ Բժշկական թիմի ամենօրյա աշխատանքի խորհուրդն այսօր փոքր-ինչ այլ է։ Այս պայքարում հաղթանակը պետք է ծանր կորստի հակակշռի։ Կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանի մոտ  արդեն Սիրանուշն անցնելիք ճանապարհի մանրամասներին է ծանոթանում։

«Միասին ենք այս ճանապարհը գնալու, երկար է լինելու, կարճ չէ։ Արտամարմնային բեղմնավորման  մանրամասները կբացատրի բժշկուհին, երբ  ժամանակը գա։ 

Բժշկի հայացքը կենտրոնացել է թղթին հանձնված ցուցանիշերին։ Իրենց կենտրոնում արդեն որդեկորույս 20 մայր է հետազոտվում։ Սպասում են մյուսներին։ Հերոս ծնած մայրերն էլի հերոս ծնելու ուժ կգտնեն։

«Եթե եկել եմ այս քայլին, ուրեմն պատրաստ եմ մինչև վերջ գնալու, մարտական եմ տրամադրված»։

Եթե ժամանակն ամենակարող չգտնվի՝ վիշտն ամոքելու, ամենակարող կգտնվեն հայ մայրերը, հերոսածին մայրերը։

Կարդացեք նաև

Back to top button