ԿարևորՀասարակություն

Դատախազությունը սպասում է ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշումն  ամբողջությամբ չի հրապարակվել և կողմերին դեռ չի տրամադրվել։ Հրապարակվել է որոշման միայն եզրափակիչ հատվածը, ըստ որի՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրությանը և անվավեր է։ Մեղադրանքի կողմը  ՍԴ որոշմանը  կարձագանքի դրա հրապարակումից հետո միայն՝  պարզաբանում են դատախազությունից։ Որոշման հրապարակմանը սպասում է նաև պաշտպանական կողմը, ինչը, սակայն, պաշտպաններին չի խանգարում դիրքորոշում հայտնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ծանոթ չէ ՍԴ-ի կողմից  ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելու  որոշմանը: Ասում է՝ կկարդան,  կտեսնեն՝ ինչ  է  գրված ու ըստ դրա էլ որոշում կկայացնեն։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրությանը։ Հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն, որով Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և  ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝  ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին,  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Միջազգային իրավունքի մասնագետ,  իրավաբան Արա Ղազարյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը  հաստատեց այն, ինչը նշում էին Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպական դատարանը՝ հոդվածը չունի իրավական հստակություն։

«Դա նշանակում է՝ այդ հոդվածը չի կարող կիրառվել, ըստ էության, այդ հոդվածն առ ոչինչ է ճանաչվում իր ստեղծման օրվանից, այսինքն՝ բոլոր գործերը, որոնք հարուցվել են, հարուցվում են կամ ընթացքի մեջ են գտնվում այս հոդվածի հիմքով, պետք է կարճվեն։ ՍԴ-ի որոշման իրավական հետեւանքներից մեկն այն է, որ եթե խափանման միջոց կալանքի հիմնավոր կասկածի հիմքում ընկած է այս հոդվածը, ապա  կալանքի ողջ ընթացքը նույնպես համարվում է անօրինական,  և այս հարցում արդեն կա ՄԻԵԴ-ի կոնկրետ դիրքորոշումը»։

Իրավական որոշակիության սկզբունքը  պաշտպանելով՝ վտանգում ենք արդար դատաքննության իրավունքը՝ սա արդեն սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի դիտարկումն է։ Նա կարծում է, որ ՍԴ որոշման կենսագործումը պաշտպանելու է ամբաստանյալի իրավունքը՝ անտեսելով տուժողների իրավունքները։ 

«Եթե իրավական որոշակիության մասին ենք խոսում, ապա այս դեպքում ունենք իրավական որոշակիության խնդիր, եւ եթե ՍԴ որոշումը այս օրենսդրական բացի համատեքստում կենսագործվի, ապա կունենանք իրավական որոշակիության հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտում։ Այս դեպքում տուժողի իրավունքի տեսանկյունից, ստացվում է այս որոշումը կենսագործվելու է անհստակությամբ՝ ի շահ ամբաստանյալի, բայց չկարեւորելով, անտեսելով տուժողի իրավունքները» ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված  քրեական հետապնդումը  ՍԴ որոշումից հետո  անհապաղ պետք է դադարեցվի:  Փաստաբան Հայկ Ալումյանը   դժվարանում  է  ասել,  թե ինչ  ընթացք կունենա մարտի 1-ի գործը։

«Ինչ  է մեզ սպասվում, չգիտեմ, ես կարող եմ ասել ,  թե օրենքով ինչ  է մեզ սպասվում, քանի որ այս գործում էքսցենտրիկ  գործող անձիք կան, որոնց գործողությունները ես չեմ կարող  կանխատեսել։ Իսկ օրենքով դատարանը ոչ թե վաղը, այլ հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու հենց այսօր պետք է քրեական հետապնդումը դադարեցնի և պարոն Քոչարյանի, և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ, ու 300.1 հոդվածով քրեական գործով վարույթը պետք է կարճվի», — ասաց նա։

Ալումյանի խոսքով՝ համապատասխան միջնորդություններն արդեն ներկայացված են, և եթե միջնորդություններն էլ չներկայացվեին, դատարանն այդ գործընթացը պետք է նախաձեռներ։

«Օրենքը նախատեսում է նաև  քրեական հետապնդում իրականացնող 2 մարմինների կողմից՝  ՀՔԾ  և  դատախազություն,  գրավոր  ներողություն անհիմն հետապնդման համար»։ 

Հայկ Ալումյանի խոսքով՝  Մարտի մեկի գործով դատավարությունը պետք է շարունակվի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված  մյուս մեղադրանքի ուղղությամբ։

Երկրորդ նախագահին ՀՔԾ–ն մեղադրում էր   նաև  առանձնապես խոշոր չափի՝  3 մլն  դոլար կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝  2008թ. փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում  գործարար Սիլվա Համբարձումյանը մաս-մաս այդքան գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ գումարից 2 միլիոնը տրամադրվել է կանխիկ, իսկ 1 մլն դոլարը՝ անկանխիկ տարբերակով։

Գլխավոր դատախազությունը ՍԴ որոշման առայժմ չի արձագանքել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ մեղադրանքի կողմն   իր  դիրքորոշումը կհայտնի ՍԴ որոշման ամբողջական տեքստին  ծանոթանալուց, դրա  պատճառաբանական մասն ու հիմնավորումներն ուսումնասիրելուց հետո միայն։

Կարդացեք նաև

Back to top button