
ՀՀ-ն սկսում է covid-պատվաստումը աղմկահարույց AstraZeneca-ով․ արդյունքին մեր երկրում հավատում են, իսկ մոտ 2 տասնյակ երկրում դրա կիրառումը սահմանափակելու քայլերին Հայաստանում հետեւում են։ Սա միակ պատվաստանյութը չէ, որ շրջանառվում է երկրում․ ռուսական Sputnik V-ն սահմանափակ կիրառությամբ նվեր էր ստացվել ու արդեն կիրառվում է, այլ արտադրության պատվաստանյութերի ստացումը եւս հնարավոր է՝ ասում են առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Պատվաստանյութի «կողմերի» ու դրա հանդեպ մտահոգությունների մասին՝ ռեպորտաժում։
Հայաստանը ստացել է աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած բրիտանաշվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի 24.000 դեղաչափ, ինչը ենթադրում է շուրջ 12 հազար մարդու պատվաստում՝ կրկնակի դեղաչափով։ Այն մինչև շաբաթվա վերջ կբաշխվի հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակներին։ Կպատվաստվեն առաջին հերթին բուժաշխատողներն ու ռիսկային մյուս խմբերը՝ տեղեկացնում է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
«Եթե մենք կարողանանք վստահություն առաջացնել մեր բնակչության շրջանում, որովհետև այլընտրանք չունենք, եթե կարողանանք ռիսկի խմբերին պատվաստել, մենք առաջին հերթին կյանքեր կխնայենք, և կկանխարգելենք մահերի առաջացումը, և վերջապես առողջապահական համակարգը կթոթափվի»։

«Աստրազենեկայով» պատվաստումներից հրաժարվեցին աշխարհի մի շարք երկրներ՝ պատճառաբանելով պատվաստվածների մոտ թրոմբի և թրոմբոէմբոլիաների առաջացմամբ ու պատվաստման հնարավոր հետեւանք համարելով մահվան մի շարք դեպքերը։ Սակայն ԵՄ դեղերի և պատվաստանյութերի անվտանգությունը մշտադիտարկող անկախ կառույցը վստահեցրեց՝ AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, օգուտները գերակշռում են հնարավոր կողմնակի հետեւանքներին և հորդորեց երկրներին՝ շարունակել բրիտանաշվեդական պատվաստանյութով պատվաստումը։
«Հայաստանն ականջալուր է, և մեր առողջապահական համակարգն այս պատվաստանյութի վերաբերյալ մտահոգություններ չունի»,- հայտարարում է ԱՆ ներկայացուցիչ Գայանե Սահակյանը։
«Նիստի արձանագրություններով որևէ պատճառահետևանքային կապ չի հաստատվել թրոմբոէմբոլիաների և պատվաստումների միջև։ Խրախուսվել է, որ շարունակեն այս պատվաստանյութով պատվաստումները՝ հաշվի առնելով հիվանդության ռիսկերը»։

Պատվաստանյութ չստանալու հակացուցումները սահմանափակ են՝ միաժամանակ, ի փարատում մտահոգությունների, հավելում է ԱՆ մասնագետն ու թվարկում դրանք։
«Եթե մարդն ունի ալերգիա որևէ բաղադրիչից, եթե նախորդ դեղաչափից գրանցվել է անաֆիլակտիկ շոկ, եթե ջերմում է, եթե քրոնիկ հիվանդությունները սրվել են, այդ դեպքում անձը չի պատվաստվում»։
Թուլություն, ներարկման տեղում այտուց, կարմրություն, մկանացավ, ջերմության բարձրացում, գլխապտույտ․ սրանք են պատվաստանյութից հետո հնարավոր ազդեցությունները։ Սակայն այս երևույթներն էլ առնվազն 48 ժամվա ընթացքում անցնում են՝ վստահեցնում է մասնագետը։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն էլ հնարավոր ազդեցություններին ավելացնում է անաֆիլակտիկ շոկը, որը հազվադեպ, բայց կարող է առաջանալ պացինետների մոտ։
«Անաֆիլակտիկ շոկ պատվաստվելուց հետո հնարավոր է լինի։ Կարևոր է, որ բուժաշխատողները ծանոթանան պացիենտի առողջական կենսագրությանը, իմանան՝ ունի՞ ալերգիկ ռեակցիաներ։ Այդ խնդիրը լուծվող է ամեն դեպքում»։

Հայաստանում կիրառման ենթակա AstraZeneca պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է և կարող է կյանքեր փրկել՝ վստահ է ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչը։ Կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման երկարատև լուծումը պատվաստումն է՝ «Ռադիոլուրին» ասում է համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Պատվաստանյութին վերաբերող բոլոր քննարկումներին եւ մտահոգություններին ծանոթ է, բայց դրան տրված մասնագիտական գնահատականներին պետք է վստահել՝ ասում է մասնագետը։
«ԵՄ երկրներում 18 մլն 500 հազար դեղաչափ AstraZeneca է ներարկվել, և փոքրաթիվ հնարավոր խնդիրներ են գրանցվել։ Ընթացքում որևէ կապ չի հաստատվել պատվաստման և պատվաստանյութի միջև»։
Հայաստանը շարունակում է բանակցությունները և՛ ռուսական կողմի, և՛ ԱՀԿ պատվաստանյութեր տրամադրող հարթակի՝ «Քովաքս Ֆասիլիթի»-ի հետ, հետեւում պատվաստանյութերին առնչվող ցանկացած զարգացման՝ նախորդիվ հայտարարել է առողջապահական գերատեսչության պատասխանատու Անահիտ Ավանեսյանը։ Առաջիկայում Հայաստանին կառաջարկվեն նոր՝ այլ արտադրության պատվաստանյութեր եւս՝ փոխանցում է ՀՎԿԱԿ փոխտնօրեն Գայանե Սահակյանը։




