ԿարևորՀասարակություն

Երևանը կանաչ տարածքների զարգացման հիմքերն է դնում

Երևանի ջերմոց-տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող բույսերի զգալի մասը: Բաց տնկարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կառույցի ջերմոցատնկարանային վարչության գլխավոր ձեռքբերումն է:

«Սա դեռ Խորհրդային Միության ժամանակ Երևանի տնկարաններից մեկն է եղել: 2020թ., երբ սկսեցինք աշխատանքները և եկանք այստեղ, ավերակների նման հատված էր»,-պատմում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

«Ամիսներ շարունակ աղբ էինք տանում այստեղից: Պատրաստի տնկարանային հատված այնտեղ նույնիսկ 1 քմ չկար: Շուրջ 20 հեկտարում տարածվում է տնկարանային տնտեսությունը, 5 հա-ում փաստացի ունենք տնկարան: Այս տարի նախատեսել ենք ևս 5 հա ավելացնել և հասնել 10 հեկտարի»,-ասում է ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը:

20-25 աստիճան տաքություն պետք է լինի այստեղ՝ նույնիսկ երբ դրսում օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է: Բուսատեսակների մեծ մասը ծնվում է քաղաքային փակ ջերմատանը, որտեղ շխատանքները բաժանված են տեղամասերի: Աճեցվող շուրջ 30 անուն բուսատեսակների շարքում են նաև «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակները:

«Ունենք հիմնականում «Կարմիր գրքում» գրանցված ծառաթփատեսակներ՝ սոսի արևելյան, չինարի ծառը, ժողովրդական խոսքով ասած, գիհի կազակական»,-նշում է Արթուր Խալաթյանը:

Ջերմատանն ասյօր նաև գիտափորձեր են արվում:

Երբ ծառատեսակները մեծանում և փոքր-ինչ ամրանում են, տեղափոխվում են բաց տնկարան: Այստեղից էլ հետո արդեն հասնում են Երևանի տարբեր հատվածներ:

2020թ. ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցվել է ավելի քան 30.000 ծառաթփատեսակ: 300 հազար ծաղիկների 1/3-ը ևս մասնագետների գործունեության արդյունքն էր:

«Քաղաքը փաստացի ունի փակ շրջափուլով տնկարանային տնտեսություն, որտեղ սերմից մինչև վերջնական տեղափոխմանը պիտանի ծառաթփատեսակները, միամյա և բազմամյա ծաղիկներն ստեղծվում են զրոյից և տեղափոխվում Երևանի տարբեր տարածքներ»,- ասում է Արթուր Խալաթյանը:

«Ջերմոցի և տնկարանի տարածքներն արդեն իսկ չեն բավարարում և անհրաժեշտություն կա ընդլայնելու»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:

Քաղաքի կանաչապատումը մեկ օրվա ու անգամ մեկ տարվա գործ չէ: Այն ամենօրյա, քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը երևում է միայն տարիների ընթացում, և արդեն հիմա քաղաքի կանաչ մակերեսների զարգացման հիմքերն են դրվում:

Մանրամասերը՝ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում:

Կարդացեք նաև

Back to top button