ԿարևորՀասարակություն

Հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքն Ադրբեջանում և Թուրքիայում ստանում է նոր դրսևորումներ

Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ, գրում է ֆեյսբուքի իր էջում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա բերում է 3 օրինակ.

«Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ:

Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը` դեկտեմբերի 10-ը, ըստ նրա, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր:

ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից:

Ուստի, ինչ գործընթաց կամ ծրագիր էլ լինի կամ ինչ բառեր էլ օգտագործվեն՝ այս հիմնարար իրողություններն անտեսվել չեն կարող:

Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ»:

Գրառման մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա:

Արման Թաթոյանը նաև հրապարակել է լուսանկար, որը պատերազմի ընթացքում հատուկ պատրաստվել ու լայնորեն տարածվում էր ադրբեջանական և թուրքական սոցիալական ցանցերում` լայնորեն խրախուսելով ադրբեջանական վայրագությունները:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=830101070922433&id=100017676420633

Կարդացեք նաև

Back to top button