ԿարևորՀասարակություն

«Մարտի 1»-ի քրեական գործի ճակատագիրը կհստակեցվի առաջիկա օրերին

Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումն ուղղակիորեն ազդելու է Մարտի 1-ի գործի ընթացքի վրա: Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։ ՍԴ-ն հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, որոշումն ամբողջությամբ կողմերին կտրամադրվի եռօրյա ժամկետում։ Պաշտպաններն ու մեղադրող  կողմը նշում են, որ դիրքորոշում  կհայտնեն որոշման հիմքերին ամբողջությամբ  ծանոթանալուց հետո:

Չկա հոդված՝ չկա հանցանք. ՍԴ երեկվա որոշումից հետո «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների պաշտպանները պնդում են՝ գործը պետք է կարճվի, քրեական  հետապնդումը դադարեցվի: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյան.

«Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է, որովհետև ՍԴ որոշման ուժով արդն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1-րդ հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն և ենթակա են վերանայման՝ 2009 թվականից սկսած: Քրեական օրենսգրքում այլևս 300.1 հոդված չկա: Եթե չկա հոդված, չկա նաև  հանցանք»:

Քննելով  Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի դիմումը՝ ՍԴ–ն   երեկ որոշել է, որ ՔՕ–ի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։  Երկրորդ նախագահից բացի՝ այդ հոդվածով  քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել  ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին ,  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նաև հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Նախկին պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքի հիմքով կիրառված սահմանափակումները, ներառյալ՝ խափանման միջոցները և գույքի վրա դրված կալանքները,  ենթակա է անհապաղ վերացման, պնդում են պաշտպանները:

Մինչդեռ «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը պնդում է՝ «Մարտի 1-ի» գործը չի կարող կարճվել։

 «Կա հանցագործության դեպք  և դրան անբաստանյալների ուղղակի առնչություն, որը միայն սահմանադրական կարգի տապալումով չի դրսևորվել: Դա դրսևորվել է զինված խմբավորումների, օլիգարխիկ  համակարգի հետ համագործակցությամբ և բազմաթիվ գործողությունների կատարմամբ: Չի կարող հանցագործության դեպքը ապաքրեականացվել միայն այն պատճառով, որ ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, այն էլ՝ ոչ համոզիչ փաստարկներով»:

«Մարտի 1-ի» զոհերի և տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանները համոզված են, որ  մեղադրանքից 300.1 հոդվածի բաղադրիչը հանելով՝ այլ հոդվածներով մեղսագրվող արաքները չեն վերանում: Փաստաբանները կարծում են,  որ մեղադրական եզրակացությունը դատախազությունը պետք է լրացնի Քրեական օրենսգրքի 223 հոդվածով՝ «Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը»:

Սահմանադրական դատարանի որոշմանը Ֆեյսբուքում գրառումներով անդրադարձել են բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. «Մարտի 1-ի գործը փակել հնարավոր չէ: Մեղադրանքը, փաստական և ապացուցողական բազան ՍԴ որոշմամբ չի վերանում: Այս գործով մեղադրանքի ծավալը, հանցագործություններն այնքան շատ են, որ առանց կասկածի, գործով անցնող բոլոր հանցագործների արարքը վերաորակվելու է և պատիժը լինելու է անխուսափելի» :

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է. «Մարտի 1-ը Հայաստանի հետխորհրդային պատմության բարդ փազլի ընդամենը մի ողբերգական դրվագ է: Այսինքն, այդ գործի հանրային-պետական նշանակությունը չպետք է լիներ պարզապես Ռոբերտ Քոչարյանին բանտ նստացնելը: Հայաստանի, ՀՀ քաղաքացու ոչ մի խնդիր ՍԴ որոշումից չի փոխվել ու չի փոխվում, այլ ընդամենն ավելի է ընդգծվում»:

Դատախազությունը դիրքորոշում կհայտնի Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու դրան ամբողջությամբ  ծանոթանալուց հետո:

ՍԴ որոշումը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում, ինչից հետո Քոչարյանի փաստաբանները պատրաստավում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Այս ամենին զուգահեռ մարտի 30-ին քրեական գործով հերթական դատական նիստն է նշանակված: Շուրջ 1,5 տարի տևած դատավարությունից հետո  դատավոր Աննա Դանիբեկյանը նախորդ նիստին հայտարարեց, որ գործը մտնում է դատաքննության փուլ: Նախատեսվում էր լսել   մեղադրական եզրակացությունը։

Կարդացեք նաև

Back to top button