
Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:
Օրվա կապակցության շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման գործին:
Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը:
Այս նշանակալից օրվա կապակցությամբ ձեզ մաղթում եմ բեմական նորանոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ: Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը»,- ասված է նախարարի շնորհավորական ուղերձում:

«Հարգելի գործընկերներ, մեր շատ սիրելի հանդիսատես.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մեր պրոֆեսիոնալ տոնի` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները:
Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը: Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:
Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս»,- ասված է Հակոբ Ղազանչյանի շնորհավորական ուղերձում:
Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (1889-1963):




