ԿարևորՀասարակություն

Էպիլեպսիայի բուժում՝ վիրահատական ճանապարհով

Արդեն 3 տարի՝ Հայաստանում իրականացվում  է Էպիլեպսիայի վիրահատական բուժում։ Արվել է շուրջ երկու տասնյակ վիրահատություն: Վիրահատվել են հիմնականում 30-40 տարեկանները. սովորաբար, մինչև 30 տարեկանը ակտիվ դեղորայքային բուժում է իրականացվում։

«Վիրահատական բուժումից ակնկալում ենք 60-80%արդյունք, այս միջամտությունն ավելի արդյունավետ է, երբ կատարվում է երիտասարդների մոտ՝ մինչև 40 տարեկան: Վիրահատությունն այն վերջնական փուլն է, երբ դեղորայքով անհնարին է արդեն կառավարել հիվանդությունը»,-ասում է «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբան Քրիստինե Բաղդասարյանը։

Վիրահատությամբ հեռացվում է էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը։ Էպիլեպտոիդ օջախը ոչնչով չի տարբերվում գլխուղեղի մյուս` առողջ հատվածներից, պարզապես օժտված է էպիակտիվությամբ: Մինչև վիրահատությունը գլխուղեղի մեջ տեղադրվում են հատուկ, շատ բարակ էլեկտրոդներ, որոնցով, նախ, որսվում է էպիլեպտոգեն օջախը, -ասում է նյարդաբանը։ Աում է՝ կան նաև վիրահատական ռիսկեր, որոնք վերահսկում են մասնագետները.

«Կարող են վնասվել կարևորագույն կենտրոններ, իհարկե ժամանակավոր, դրա համար վիրահատության ժամանակ հիվանդը հիմնականում արթուն է և մեզ օգնում է, մենք հասկանում ենք, որ որևէ վնաս չեն հասցնում նրան, օրինակ չենք վնասում խոսակցական, շարժողական որևէ կենտրոն»,-ասում է Քրիստինե Բաղդասարյանը։

Վիրահատությունն իրականացվում է երկու փուլով,-պատմում է նյարդավիրաբույժ Արման Հակոբյանը: Եթե գրանցվում է արդյունք՝ անգամ 20%, դա համարվում է նշանակալի դրական տեղաշարժ հիվանդի կյանքում.

«Վիրահատություններն իրականացվում են թե տեղային, թե ընդհանուր անզգայացման պայմաններում։ Առաջին փուլով փոքր անցքով՝ 3-4 միլիմետր տրամագծով էլեկտրոդ ենք իջեցնում գլխուղեղ՝ գտնելու էպիլեպտոգեն օջախը։ Ասեմ, որ սա բացարձակ ցավոտ գործընթաց չէ, հիվանդը ոչինչ չի զգում թե քնած, թե արթուն ժամանակ։ Երկրորդ փուլով  մենք արդեն այրում ենք ախտածին օջախը»։

Էպիլեպսիայի վիրահատական բուժում Հայաստանում իրականացվում է միայն  «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքում: Այստեղ մասնագետներին հաջողվում է պացիենտին ազատել ցնցումային նոպաներից, կամ զգալի պակասեցնել դրանց ակտիվությունը:

Կարդացեք նաև

Back to top button