ԿարևորՔաղաքական

Հարավային Կովկասը՝ Բայդենի քաղաքական օրակարգում․ ի՞նչ կփոխվի Արցախի հարցում

64-օրյա  լռությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Ավելի քան 1.5 ժամ տևած ասուլիսի ընթացքում  հիմնականում քննարկվել են ամերիկյան ներքին լսարանին հետաքրքրող հարցեր, հատկապես՝  միգրացիոն քաղաքականությանը վերաբերող։ Իսկ արտաքին օրակարգի մասին Բայդենը խոսել է ԵՄ երկրների առաջնորդների հետ օնլայն հանդիպման ժամանակ․  նման ձևաչափով  քննարկման ԱՄՆ նախագահը մասնակցում էր առաջին անգամ։

Հանդիպումից հետո Թվիթերում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել էր․ «ԵՄ-ն և Միացյալ Նահանգները միասին, ուս ուսի տված կարող են ցույց տալ, որ ժողովրդավարությունն ամենալավն է պաշտպանում քաղաքացիներին»։ 

Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստակամություն են  հայտնել շարունակել համագործակցությունը ՌԴ-ին, Չինաստանին և Թուրքիային վերաբերող հարցերում։  ԵՄ-ԱՄՆ համագործակցության առանցքում հատուկ ընդգծվել է՝ Հարավային Կովկասի հարցը։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, վերլուծելով վերջին հանդիպումներին Բայդենի հնչեցրած թեզերը, նշում է՝ ԱՄՆ-ն  դուրս է գալիս արտաքին քաղաքական մեկուսացումից և վերադառնում համաշխարհային քաղաքական կիզակետ։

«Բայդենի վարչակազմն այսօր ակտիվ ներգրավված է  միջազգային գործընթացներում։ Կարծիք կա, որ Թրամփի նախագահության տարիներն արտաքին քաղաքականության համար ձեռքբերումներ չեն ապահովել, ավելին՝ մեկուսացրել են։ Այս քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն չի կարողացել ընդլայնել իր ազդեցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,-ասում է քաղաքագետը։  

ԱՄՆ-ն հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում՝  գրել էր Բայդենը Նովրուզի տոնի կապակցությամբ Ալիեևին ուղղած նամակում։ Հարցին, թե որն է  Արցախի խնդրի երկարաժամկետ կարգավորման  ամերիկյան պատկերացումը, քաղաքագետը պատասխանում է․

«Այն, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ»։

Սարգսյանի կարծիքով՝  այս փուլում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում ներգրավվելու և ինչ-որ բան հետ բերելու համար։ «Պատերազմում Հայաստանը  պարտվել է, բայց դա չի նշանակում, որ ԼՂ-ի խնդիրը լուծում է ստացել։ Իսկ քանի դեռ խնդիրը վերջնական լուծում չի ստացել, նոր պատերազմն անխուսափելի է»,-ընդգծում է ամերիկագետը։

Կարդացեք նաև

Back to top button