ԿարևորՀասարակություն

Կատարվածը դատապարտելի է բոլոր առումներով. ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենաների վրա

Արցախի իշխանությունները Կարմիր շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը դիտարկում են որպես նոյեմբերի 10-ի հայտարարության խախտում։

«Այն դատապարտելի է բոլոր առումներով: Արցախի իշխանությունները եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում են դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով»,- «Ռադիոլուրին» ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Կարմիր Շուկա- Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից գույքի վնասման դեպքին։

Ավանեսյանի փոխանցմամբ՝ Արցախի իրավապահների կողմից պատրաստվող նյութերը և միջադեպի վերաբերյալ Արցախի իշխանությունների կարծիքը փոխանցվելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Միջադեպին արձագանքել է նաեւ Արցախի դատախազությունը։ «Մարտի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ։ Առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն մեքենայի շրջվելու ռիսկ է առաջացել։ Իսկ երկրորդ մեքենան վնասվել է։ Նկատի ունենալով, որ այս մասին հրապարակումներն առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման վերաբերյալ ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող տեղեկություններ՝ դրանք ուղարկվել են ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ», – նշվում է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button