
2021-ի նոյեմբերի 10-ից Հայաստանը հայտնվեց տրամագծորեն այլ իրողություններում, որոնք անգամ նշված օրվանից 2 օր առաջ այդպիսին չէին: Ամբողջովին փոփոխված սահմաններ, պաշտպանական և անվտանգային խնդիրներ, տարածաշրջանային ենթակառուցվածքների և ճանապարհների ապաշրջափակման գործընթաց:
Այսօր փորձ է արվում բացել սահմանները և խոսել տնտեսական մեծ հեռանկարների մասին, բայց առաջնահերթորեն ծառացած են անվտանգային խնդիրները: Պատգամավորների առաջարկած տարբեր լուծումներին գործադիրից արձագանքում են՝ տարբեր ուղղություններով փորձագիտական աշխատանքներ են տարվում, և առաջիկայում անհրաժեշտ փոփոխություններ կառաջարկի հենց կառավարությունը:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների և ճանապարհների ապաշրջափակման հարցերով զբաղվող հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ մեկ աշխատանքային խումբը և 2 ենթախմբերը դեռ չեն հասցրել նախատեսված ժամկետերում ներկայացնել իրենց զեկույցը: Հայաստանի կողմից աշխատանքային խումբը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աժ-ում է պարզաբանել՝ ինչ են արել, և ինչու են ժամկետեր խախտվել:
«Մենք պլանավորել էինք որոշակի իմաստով դուրս գալ մի զեկույցի մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև աշխատանքներն ու քննարկումները ցույց տվեցին, որ ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնց ավարտին պես երևի առիթ կունենանք նաև միասին քննարկել հնարավորությունները և հնարավոր որոշումների շրջանակը»,-ասել է Գրիգորյանը:

Այս պահին աշխատանքային ենթախմբերից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների մասով, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հարցերով։ Մինչ կհստակեցվեն ապաշրջափակման ուղիները և տարբերակները, ռուսական «Կոմերսանտ» թերթն էր շրջանառության մեջ դրել քարտեզ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ենթադրյալ ճանապարհները գծագրելով:
Այս տարբերակը Հայաստանի փոխվարչապետը չի հաստատում. ««Կոմերսանտ»-ում հրապարակված այդ քարտեզի մասին չէ խոսքը: Ըստ էության՝ խորհրդային ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգման մասին է խոսքը: Բոլոր, բոլոր հնարավոր ուղղություններով: Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ»:
«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր, պատմաբան-միջազգայնագետ Գոռ Գևորգյանը հետպատերազմական իրողություններում տեղին չի համարում ապաշրջափակումը, ճանապարհները և առևտուրը առաջնային հարց դարձնելը:
«Այս պահին բացասական եմ վերաբերվում այդ հնչեցվող մտքերին։ Առնվազն մտահոգիչ է, որովհետև մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ մեր պետության սահմանների հետ կապված, մեր պետության ներսում, և այս պահին մեզ հարևան, հակառակորդ և թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել որևէ տարանցիկ փոխադրումների հարց՝ կարծում եմ՝ ժամանակավրեպ է»:

Հետպատերազմական իրողություններում տարածաշրջանում միջպետական իրավիճակ է փոխվել․ հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոխվել է, մենք գործ ունենք այսօր թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե-ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ: Որպեսզի մենք կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները այդ ստեղծված սպառնալիքին»,-ասում է պաշտպանության նախարարը:
Բանակի այսօրվա բարեփոխումներն այս տրամաբանությունից են բխում: Անվտանգային խնդիրները, հատկապես Սյունիքի նոր սահմանների պայմաններում, նույնպես քննարկվում և համակարգվում են ռուսական կողմի հետ:
Հայկական բանակը ոտքի կանգնեցնելու և անվտանգային խնդիրների լուծման տարբեր նախաձեռնություններ ունեն պատգամավորները։ Օրինակ՝ պահեստազորի համար տարիքային շեմի բարձրացում, վերջին կուրսի ուսանողներին տարկետման իրավունքի տրամադրում մինչև 20 տարեկանը:

Քրիստինե Պողոսյան․ «Ամեն անգամ, երբ այս հարցին անդրադառնում ենք, ՊՆ կողմից միշտ նույն ձևակերպումն է լինում, որ եթե տարկետում ստանան ուսանող տղաները, մենք այդ տարվա զորակոչի խնդիր կունենանք: Մենք պետք է այս հարցը վերանայենք, պետք է հասկանանք՝ ինչպես կարող ենք համալրել ժամկետային զինծառայողների այդ 2-3 տարվա խնդիրը պայմանագրային զինծառայողներով և հնարավորություն տանք, որ ԲՈՒՀ ընդունված ուսանողները տարկետում ստանան, կրթություն ստանան և նոր գնան բանակ: Մենք նման կերպ բանակում բավական լուրջ հարցեր կարող ենք լուծել»։
Սերգեյ Բագրատյան․ «Մենք ունենք որակյալ պահեստազորի խնդիր, և հաճախ շարունակականությունը ընդհատվել է հենց տարիքային սահմանափակման պատճառաբանությամբ: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, գնդապետներ, մայորներ, կապիտաններ, որոնք 40 տարեկանում այլևս դադարեցրել են իրենց ծառայությունը, որովհետև տարիքային սահմանափակում կար: Բայց իսկապես արժանի են, որ հայոց բանակում դեռ մի 10-15 տարի ծառայեն և իրենց փորձը փոխանցեն երիտասարդ սերնդին»:

Պատգամավորների՝ բանակի և անվտանգության հարցերով ոչ բոլոր առաջարկներն են կառավարության և ՊՆ համար ընդունելի: Խորհրդարանական մեծամասնությունից պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ ՊՆ-ն այս փուլում վերլուծական աշխատանքներ է տանում։ Ապագայում, գուցե ոչ շատ շուտ, անհրաժեշտ փոփոխությունների առաջարկով հանդես կգա կառավարությունը:
«Ունենք ոչ ստանդարտ իրավիճակ այսօր ՀՀ-ում: Ունենք սահմանների մեծ փոփոխություն, ունենք սահմանամերձ բնակիչներին աշխատանքով ապահովելու խնդիր, ունենք խնդիր սահմանամերձ այն բնակիչներին, ովքեր ներգրավված են եղել պաշտպանական գործողությունների մեջ, նաև ներգրավել բանակային ստորաբաժանումներում, սահմանապահ ստորաբաժանումներում: 50 և բարձր տարիքի անձինք այսօր խրամատներում են և հերթապահություն են իրականացնում: Սակայն այս մարդկանց ծառայության մեջ ներգրավելու և աշխատավարձ տալու խնդիր է առաջանալու: Այս բոլորը հաշվի առնելով՝ կառավարությունը հայտնել է, որ համապարփակ նախագիծ է բերելու այս խնդրի հետ կապված և փոփոխություններ է բերելու»:
Պատերազմից հետո հայ-ադրբեջանական շփման գիծը զգալիորեն մեծացել է: Կան մարզեր, որոնք նոր պետք է համակերպվեն «սահմանամերձի» իրենց կարգավիճակին: Դրան առնչվող հարցերը ևս իրենց պատասխանին են սպասում։




