ԿարևորՀասարակություն

Շտրիխ-կոդ՝ կենդանիների ու բույսերի համար․ գիտնականները գույքագրում են կյանքը

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումը և Հայաստանի  գիտության կոմիտեն սկսել են համագործակցել․  պատրաստվում են կոդավորել բնությունը։ Ծրագրի շրջանակում Հայաստանում հանդիպող բոլոր կենդանիներն ու բույսերը կճանաչվեն, կնկարագրվեն և դրանց մասին տվյալները կներառվեն միջազգային տեսադարանում։

Գիտնականները սկսել են գույքագրել կյանքը։ Հայաստանում շտրիխ–կոդ կունենան ոչ միայն ապրանքները, այլ նաև բույսերն ու կենդանիները։ Դրանց մասին տվյալները կներառվեն շտեմարանում, այնուհետև՝ միջազգային բազայում և հասանելի կդառնան հանրությանը։

Կոդավորման համար բնության մեջ հանդիպող տեսակից վերցվում է մի մաս, ֆիքսվում 96 տոկոսանոց սպիրտի մեջ։ Հաջորդ քայլերը պատմում է կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը․

«Կատարվում է մոլեկուլային վերլուծություն, դնթ–ն առանձնացնում ենք և դրանով որոշում, թե ինչ տեսակ է։ Տեսակի մասին տվյալներից բացի՝ ներկայացնում ենք նաև բնութագիրը, այսինքն՝ ինչ պայմաններում, որտեղ է ապրում, նրա մորֆոլոգիական առանձնահատկությունները և այլն։ Հետագայում, երբ տեսակին վերաբերող կասկածներ ունենանք, բավական է ԴՆԹ–ն կամ մարմնի մի մասնիկն ուղարկել անալիզի, ստանալ շտրիխ–կոդը, մտնել բազա և տեսնել՝ ինչ տեսակ է»։

Մասնագետները ենթադրում են, որ կնվազեն նաև գիտական վեճերը։

«Մի գիտնականն ասում է, որ կա մարդու 32 ռասա, իսկ մյուսը՝ ընդամենը 3՝ սպիտակ, դեղին և սև, նույնը վերաբերում է միլիոնավոր կենդաներիներին»,– ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանն է։ Վստահ է՝ աշխատանքի արդյունքում  կնվազեն որևէ կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակին, ենթատեսակին պատկանելու կամ չպատկանելու մասին բանավեճերը։

«Մենք գիտենք ինչ տեսակ է, ապրում է այս պայմաններում, այս երկրում վտանգված է, մյուսներում՝ ոչ, էնդեմի՞կ տեսակ է, թե՞ ոչ։ Երբ գիտենք՝ ինչ տեսակ է, գիտենք նաև բնութագիրը»։

Ծրագիրն իրականացվում է Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ։ 2004 թ.-ից աշխարհում գոյություն ունեցող 500.000 տեսակ է նկարագրվել, ինչի համար ծախսվել է 125 մլն դոլար։

ԵՊՀ-ում կենդանիների շտրիխ-կոդավորման համար հավաքագրված նմուշների տեսակավորում

Այժմ Հայաստնում իրականացվում է միայն կենդանիների կոդավորում, աշխատանքները նախնական փուլում են, ավելի ուշ հերթը կհասնի նաև բուսական աշխարհին։ Բարդուխ Գաբրիելյանը կարծում է, որ բացի կենսաբազմազանությունը ճանաչելուց՝ այլ ձեռքբերումներ ևս ունենալու ենք։ Օրինակ՝  հնարավոր է հայտնաբերվեն տեսակներ, որոնց գոյության մասին մինչև այժմ չենք իմացել․

«Այս ծրագիրն այսօր գիտական նշանակություն ունի,   վաղը նաև կրթական նշանակություն կունենա, կհեշտացնի շատ հետազոտություններ, շատ ուսանողների և դպրոցականների իմացությունը մեր կենսաբազմազանության մասին»։

Հայ գիտնականները նշում են՝ շտրիխ կոդավորումը մեծ ծրագրի մի մասն է, իսկ առջևում  նոր մեթոդներով կենսաբազամազանությունը պահպանող և ուսումնասիրող կրթական կենտրոններ ստեղծելու հեռանկարն է։ Հայկական գիտությունը դրա կարիքն ունի։ Հիմա էլ նախագծում ներգրավվածների 80-90 տոկոսը ԳԱԱ և ԵՊՀ երիտասարդ գիտաշխատողները, ասպիրանտներն ու ուսանողներն են։

Կարդացեք նաև

Back to top button