
Հիմնադրամն ամենից շատ է շահագրգռված, որ բոլոր հարցերը ստանան իրենց պատասխանները, և հանրությունը համոզվի, որ գումարները նպատակային են օգտագործվել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նա հստակ ժամկետներ չի նշել, թե երբ կհրապարակվի աուդիտորական եզրակացությունը, բայց ասել է, որ ուսումնասիրությունը վերաբերելու է 2020–ի բոլոր ծրագրերին և հատկապես պատերազմի ընթացքում հավաքագրված գումարների ծախսմանը։
Մարտի 15-ին տեղի ունեցած նիստից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել է աշխատանքային խումբ, որը կհամագործակցի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ։
«Մենք արդեն սկսել ենք գործընթացը։ Հավաքագրված նյութերը կներկայացվեն հանձնաժողովին, հեգաբարձուների խորհրդի մի շարք անդամներից կազմված ներքին աշխատանքային խումբը կտա եզրակացությունը, կտեղեկացնի հոգաբարձուների խորհրդին, հետո կհասկանանք՝ ինչպես ենք առաջ շարժվում։ Ես կարծում եմ՝ այսպես թե այնպես ելք գտնվելու է, և հանրությունը անպայման ստանալու է իր հարցերի պատասխանները։ Կարծում եմ, որ խնդիրն այս պահին Կառավարության դաշտում է, որովհետև հիմնադրամը իր կողմից իր պայմանագրային պարտավորությունները կատարել է։
Մենք էլ նույն կերպ պահանջատեր ենք, ինչպես բոլորդ, և ամենաշահարգռվածն ենք, որ հանրությունը բաց և թափանցիկ հասկանա, որ իր գումարները չեն մսխվել, նպատակային են օգտագործվել և գնացել են հենց հումանիտար ծրագրերի ուղղությամբ»,– «Ռադիոլուր»–ին փոխանցել է Հայկակ Արշամյանը։




