ԿարևորՀասարակություն

Հարկման նոր կանոններ Յութուբում․ ինչպե՞ս դրանք կազդեն հայ բլոգերների վրա

Յութուբը բլոգերների առջև նոր խնդիր է դրել․ մինչև մայիսի 31-ը նորաստեղծ հարթակում գրանցել հարկային տվյալները։ Դրանց հիման վրա ընկերությունում կորոշեն, թե որքան է հարկվելու բլոգերի եկամուտը։

ԱՄՆ հարկային օրենսդրության փոփոխությամբ այս տարվա հունիսից Google-ը կհարկի այն յութուբ-բլոգերներին, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ից դուրս, բայց գումար են աշխատում ԱՄՆ լսարանի դիտումներից։ Հարկման դրույքաչափը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Եթե յութուբ բլոգերն իր հարկային տվյալները չներմուծի AdSense համակարգում, միանվագ կհարկվի 24 %-ով։ Իսկ ներմուծելու դեպքում, կարող է և չհարկվել.

«Հայաստանը և ԱՄՆ–ն ունեն երկկողմանի համաձայնագիր, ըստ որի՝ երկկողմանի հարկում տեղի չի ունենում։ Այսինքն՝ եթե մենք էստեղ գրանցում ենք մեր տվյալները, ԱՄՆ-ում կարող ենք հարկ չվճարել»,-ասում է հայկական յութուբում հետևորդների ամենամեծ բանակ ունեցող վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը։

Հայ յութուբերներն այս տեսանկյունից շահում են՝ ասում է Ռուբեն Եսայանը։ Զրուցակցիս խոսքով՝ յութուբում իր վիդեոների դիտումների շուրջ 20%-ը ապահովում է Ամերիկայի հայ լսարանը, գումար այդպես է աշխատում յութուբից։ Հայկական լսարանի դիտումները գրեթե գումար չեն բերում, որովհետև մեր երկիրը Յութուբի հետ պայմանագիր չունի, զրուցակցիս կարծիքով՝ չի ունենա դեռ երկար ժամանակ․

«Յութուբի ալգորիթը պետք է հասկանա հայերեն լեզուն, այսինքն հայերեն լեզուն պետք է թվայնացվի յութուբի համար ու առհասարակ մի շարք աշխատանքներ կան տանելու»,-ասում է Ռուբեն Եսայանը։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը քայլեր ձեռնարկում է Յութուբի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ «Ռադիոլուր»–ը նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանից հետաքրքվեց, թե ինչ փուլում են բանակցությունները։

«Յութուբի հետ բանակցում ենք 2019 թվականից, այժմ բանակցությունները ընթանում են՝ պայմանագիր կնքելու համար։ Հուսամ 2021 թվականին արդեն կունենանք լավ նորություններ և կտեղեկացնենք այդ մասին»,-նշում է Լուսինե Մովսիսյանը։

Լուսինե Մովսիսյանը նշեց՝ սա երկար գործընթաց է, որի արդյունքը փոխելու է հայ  յութուբերների աշխատանքային պայմանները ։

Կարդացեք նաև

Back to top button