
Շուրջ 1 մլն դրամ արժողությամբ ի՞նչ դեղ է կիրառվում Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Արդյո՞ք այդ դեղը ներառված է վարակի դեմ պայքարի համար մշակված ուղեցույցի մեջ, ի՞նչ ազդեցություն ունի այն եւ, ի վերջո, ինչու է նշանակվում, եթե դրա արդյունավետության վերաբերյալ խիստ հակադիր կարծիքներ կան։ Առհասարակ, մեր երկրում գրանցվա՞ծ է քաղաքացիների շրջանում հարցեր առաջացնող այս դեղը։
Հայաստանյան մի շարք բուժհիմնարկներում Covid 19-ով ծանր հիվանդներին որոշ դեպքերում բժիշկները նշանակում են մի դեղամիջոց, որը հիվանդների հարազատները երբեմն դրսից պատվիրելով են կարողանում ձեռք բերել։ 200-400 մլ դեղաչափով ներարկվող «Ակտեմրա» դեղամիջոցը չափազանց թանկ է նստում քաղաքացու գրպանին՝ շուրջ 1 մլն դրամ, իսկ դրսից պատվիրելու դեպքում անգամ գերազանցում է 1մլն-ը։ Որոշ քաղաքացիներ տեղեկացնում են, որ դեղը ցուցող բժիշկները բարձր արդյունավետություն չեն խոստանում։ Երբեմն նույնիսկ դրա նշանակումները խիստ իրարամերժ են․ որոշ դեպքերում բժիշկներն անգամ խորհուրդ են տալիս դա չկիրառել։ Այնուամենայնիվ, որպես այլընտրանք եւ, ինչպես ներկայանալ չցանկացող զրուցակիցներս են ասում, որպես հույսի տարբերակ, այս դեղը շրջանառվում է։
«Մեզ բժիշկն առաջարկեց այդ տարբերակը, բայց մեկ ուրիշ բժշկից էլ, հակառակը, ներքին կարգով իմացանք, որ սահմանված ցուցանիշ կա, որից ցածր լինելու դեպքում են այդ դեղը ներարկում։ Քննարկեցինք, հասկացանք, որ 50/50 հավանականություն կա փրկության, որոշեցինք ներարկել։ Դրանից հետո, իհարկե, մեր հիվանդի վիճակը դեպի լավը գնաց։ Բայց այդ նույն դեղը ներարկել են նաև ընկերուհուս հայրիկին, ներարկումից 2 օր անց մահացել է» ։
Այս դեղը ոչ թե covid-ից է բուժում, այլ նախատեսված է աուտոիմունային համակարգի հիվանդությունների համար ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում։ Կորոնավիրուսի դեպքում դրա կիրառությունը ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանը բացատրում է այսպես։
«Կորոնավիրուսի ժամանակ հիվանդի մոտ կարող է զարգանալ ցիտոկինային փոթորիկ։ Հիվանդի մոտ առաջանում է բորբոքային պրոցես, հիվանդի համար «Ակտեմրան» կիրառում են ըստ ցուցումների, որպեսզի նվազեցնեն բորբոքային պրոցեսի ընթացքում առաջացած մեծ քանակությամբ ցիտոկինները։Այսինքն՝ դա կարող է զարգացնել աուտոիմունային պրոցես» ։
Եվրոպական որոշ երկրներում կորոնավիրուսի բուժման ուղեցույցները ներառում են «Ակտեմրան», բայց՝ հատուկ ցուցումների դեպքում՝ բացատրում են առողջապահության նախարարությունից եւ շեշտում՝ սա կորոնավիրուսի դեմ ուղիղ պայքարի միջոց չէ։ Վարդուհի Գրիգորյանն ասում է՝ իրենք տեղյակ են այդ դեղի կիրառման դեպքերի մասին, թեեւ արդյունավետության մասին խոսել չեն կարող․դա նեղ մասնագիտական դիտարկումներ եւ գնահատումներ է պահանջում՝ ասաց Գրիգորյանը։
«Եթե կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ կա աուտոիմուն համակարգին առնչվող խնդիր, դեղամիջոցը կիրառում են, որ հիվանդին այդ վիճակից հանեն։ Եթե դեղամիջոցը գրանցված է, ինչո՞ւ է այդքան դժվար այն ձեռք բերելը․ մեզ ոչ ոք չի դիմել այդ հարցով, որ դեղատներում ակտեմրա չկա»։

Վարդուհի Գրիգորյանը նաեւ հերքում է քաղաքացիների փոխանցած տեղեկությունները, թե դեղը երկրում գրանցված չէ ու զարմանում դիտակումից, թե այն երկիր է մտնում անհասկանալի ուղիներով կամ դրսից` պատվիրելով։ Դեղը Հայաստանում գրանցված է դեռ 2009-ից՝ տեղեկացնում է։ Ավելին, ըստ Գրիգորյանի տեղեկությունների, «Ակտեմրան» առկա է դեղատներում եւ ավելի էժան, քան քաղաքացիներն են ձեռք բերել։
Այդուհանդերձ, եթե կորոնավիրուսի բուժման դեպքում այս թանկարժեք դեղամիջոցի արդյունավետության մասին ամփոփ պատկեր չկա, դա կասկածի տակ չի՞ դնում նշանակման նպատակահարմարությունը։ Արդյո՞ք սա փորձարարություն չէ՝ ինչպես մտահոգվում են մեզ դիմող քաղաքացիները։ Մասնագիտական շրջանակներում, սակայն, խուսափում են այս հարցի պատասխանից։ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանիա Շմավոնյանն էլ նախ բարկացավ, ապա հարցին հարցով պատասխանեց՝ ինչո՞ւ է մեզ՝ լրագրողներիս հետաքրքրում այդ դեղը եւ դրա կիրառությունը։
«Ներողություն, ձեզ լրագրողներիդ կամ սովորական մահկանացուների համար ինչ կարիք ունի, որ Ակտեմրան կամ նեղ մասնագիտական հարցերը դուք Հանրային ռադիոյով քննարկեք։ Ախր ամեն ինչը չէ, որ կարելի է մատուցել մարդկանց։ Հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն բացառապես բժիշկների մակարդակով»։
Միաժամանակ զրուցակիցս հաստատեց՝ «Ակտեմրան» կիրառվում է, ունի հատուկ ցուցումներ։ Դրանից ավելին մեզ պարզել չհաջողվեց։ Մի շարք մասնագետներ պարզապես հրաժարվեցին խոսել։ Ի դեպ՝ մեր փոքրիկ հարցախույզը պարզեց՝ հայաստանյան դեղատներում առկա է «Ակտեմրա» դեղը։ Բայց թե որքանով է այն արդյունավետ, կամ ինչ հետևանք կարող է թողնել դրա անպատեհ կիրառումը, մեր հարցերն այդպես էլ անպատասխան մնացին։ Սակայն փաստ է՝ դեղը կիրառում են covid վարող՝ հայաստանյան մի շարք խոշոր բուժհաստատություններում։





