
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ, որում հիասթափությունն է հայտնում օրենքն ընդունելիս ՀՀ Ազգային ժողովի դրսևորած դիրքորոշման առնչությամբ։
Հայտարարությունում ասվում է, որ օրենքում արտերկրի տարբեր օրենքներից մեխանիկորեն փոխառված դրույթները չեն տեղայնացվել, հստակ սահմանազատված չեն մենաշնորհային և գերիշխող դիրքերը, ՏՄՊՊ հանձնաժողովին վերապահված է ուղղակի միջամտելու, իր հայեցողությամբ տնտեսվարողի հաշիվներին արգելանք դնելու ու խոշոր տուգանքներ կիրառելու լիազորություն, առկա է բազմաթիվ այլ հակասական ու արգելիչ բովանդակություն.
«Ընդ որում, այդ փոփոխություններն այնքան շատ են ու էապես տարբերվող նախորդից, որ ընդունվեցին ոչ թե օրենքի առանձին փոփոխություններ, այլ նոր օրենք, որը Հանձնաժողովին օժտում է պատժիչ վարչարարական գործիքներով՝ չբարելավելով կամ չհստակեցնելով բուն՝ մրցակցային ապահովման խնդրին առնչվող կարգավորումները։
ՀԱԳՄ նախագահությունը մեկ անգամ ևս վերահաստատում է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ժամանակավրեպ և աննպատակային լինելը, որում պարունակվող նորմերով սահմանվող տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի նոր կարգավորումներն անհանգստացնող են գործարար համայնքի համար: Դրանք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին օժտում են աննախադեպ լայն՝ պատժելու, արգելելու, բռնագանձելու լիազորություններ, ինչպես նաև այդպիսի գործառույթի համար ծավալուն և չարդարացված իրավական գործիքակազմի նոր համակարգ: Այս ամենն, ակներևաբար, իր բացասական հետևանքն է ունենալու ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, երկրի տնտեսության՝ առանց այն էլ ծանր վիճակը բարելավելու ընթացքի վրա։
Միաժամանակ վստահեցնում ենք, որ հետայսու ևս հաստատակամորեն հետամուտ ենք լինելու գործարարների շահերի պաշտպանությանը, տնտեսական իրավական դաշտի կատարելագործմանը, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը, երկրի կարողություններն արտերկրում պատշաճ ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, հանրության բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված մեր ստանձնած առաքելությանը։ Որևէ քաղաքական կամ արհեստածին հանգամանք չի կարող կասեցնել հայ գործարարի ստեղծարար ընթացքը, որը նպատակամիտված է զարգացած տնտեսությամբ, անվտանգ և հզոր Հայաստանի կերտմանը»։




