
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Երանոս համայնքում։ Համայնքապետարանում մարզպետը քննարկում է անցկացրել համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների եւ համայնքի ակտիվի հետ։
Մարզպետը կարեւորել է Գեղարքունիքի մարզպետարան-Երանոսի համայնքապետարան համագործակցության պահպանումը եւ հավաստել, որ այս տարվա ընթացքում էլ Երանոսում կառավարության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ կիրականացվեն սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրեր։
«Մեր այցի նպատակներից մեկն էլ Երանոսում «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփի տեղորոշման հարցի կարգավորումն է: Տուփը պետք է տեղադրվի այնպիսի վայրում, որից անխոչընդոտ կարողանան օգտվել նաև Վարդաձորի դպրոցականները։ Ինչ վերաբերում է դպրոցաշինական խնդիրներին, ասեմ,որ այս պահին ՀՀ կառավարության հետ քննարկում ենք մի քանի տարբերակ` հիմնանորոգումից մինչեւ նոր դպրոցական շենքի կառուցում։ ՀՀ կառավարության, մարզպետարանի և Երանոսի համայնքապետարանի միջև առկա համագործակցության արդյունքում լուծվել է նաեւ համայնքի մանկապարտեզի գույքի խնդիրը։ Արդեն կառավարություն են ներկայացվել այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը, որոնց թվում են նաև Երանոսի խնդիրներին վերաբերող ծրագրերը»,- նշել է մարզպետը:
Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի։




