ԿարևորՄշակույթ

Համերգ-դասախոսություն․ Հանրային ռադիոյի նոր ձևաչափում աշուղական երգն է

Հանրային ռադիոյի նոր՝  համերգ-դասախոսության ձևաչափում մարտի 27-ին  հնչելու են աշուղական երգեր։  «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի համերգն է՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի դասախոսությամբ։

Համերգ — դասախոսության հերթական փորձն է․ հնչում են 300 տարեկան և ավելի «երիտասարդ» երգեր, որոնց հեղինակ աշուղները մեր ժամանակակիցներն են։ «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի ղեկավար, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Ռադիոլուր»-ին պատմում է ժամանակակից աշուղի նոր նվագարանի՝ բաս քանոնի մասին․ անսամբլը գործում է շուրջ 100 տարի՝ երաժշտական նույն գործիքների կազմով, բաս քանոնն այդ կազմին  միացել է ընդամենը ութ տարի առաջ․

«Նվագարանները տեսնում եք՝ թառ, սազ, քամանչա, քյամանի, սանթուր․  այս կազմով նվագելու գաղափարի հեղինակը Շարա Տալյանն է՝ մեր մեծանուն երգիչը։ Ընտրության սկզբունքը շատ պարզ է, սրանք այն նվագարաններն են, որոնք գործածել են մեր աշուղները, որոնք փողային գործիքներ ունենալ չէին կարող, որովհետև պիտի միաժամանակ երգեին, պատմեին։ Բաս քանոնը հավելված է մեր նվագախմբում․ գործիքի հեղինակը Արա Գևորգյանն է»,-ասում է Թովմաս Պողոսյանը։

Գեղարվեստական էքսպերիմենտ․ այսպես է բնորոշում համերգ-դասախոսությունը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։ Այս ձևաչափով երկրորդ հանդիպումն է։ Համերգը կայանալու է ֆոնդավորման տաղավարում՝ Հանրային ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայում, որտեղ չկան դասական համերգի հնարավորություններ․

«Դասախոսը դասախոսում է, իսկ նվագախումբը նրա հետևում նվագակցում և երգակցում է։ Այս համերգ-դասախոսությունը նվիրված է հայ աշուղական երգարվեստին․ դասախոսում է պրոֆեսոր, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, իսկ երաժշտական մասն ապահովում է Հանրային ռադիոընկերության «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը»,-ասում է Գարեգին Խումարյանը։

Գարեգին Խումարյանը նկատում է՝ աշուղական երգի հանդեպ հետաքրքրություն կա, համերգի տոմսերը գրեթե սպառվել են։ Հանրային ռադիոընկերությունն ունի  նաև աշուղական արվեստը հանրահռչակելու առաքելություն՝ ասում է ռադիոյի տնօրենը։ Իսկ ժամանակակից աշուղների գործունեությունը համակարգելու հարցում, զրուցակցիս կարծիքով,  մեծ է Թովմաս Պողոսյանի դերակատարումը․  ժողովրդական արտիստը վերականգնել է աշուղների ձեռնադրման արարողությունը՝ նոր շունչ և կարևորություն տալով նրանց գործին ժամանակակից աշխարհում։

Կարդացեք նաև

Back to top button