ԿարևորՀասարակություն

Կրկնվող պատմություն. ճանապարհները նորից ասֆալտապատվում են

Երևանի փողոցներում նորից ասֆալտապատման աշխատանքներ են: Դրանք առայժմ նախապատրաստական են, և այս փուլում լցվում են վարորդների համար գլխացավանք դարձած փոսերը:

Եղանակը թույլ չտվեց աշխատանքն ավելի շուտ սկսել, թեպետ  այս տարվա ասֆալտապատման մրցույթները կայացել էին դեռ հունվարին: Քաղաքապետարանի 2021թ. ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, ավելի քան 10.000 քմ-ը փոսային աշխատանքներ են: Ընթացիկ աշխատանքի արդյունքը, սակայն դեռ չի երևում, ու վարորդները շարունակում են բողոքել, որ ճանապարհները քանդված են, ասֆալտը լավը չէ, մեքենաները վնասվում են:

Վատ ասֆալտն ու ճանապարհների փոսերը վարորդների դժգոհության մշտական առիթ են: Դժգոհում են, որ դրանք մեքենայի վնասման պատճառ են դառնում, մինչդեռ իրենք մեքենայի համար տարեկան հարկեր են վճարում: Ճանապարհի երթևեկելի հատվածի խորը փոսերը նաև վթարային իրավիճակներ են ստեղծում։ Չդադարող այս բողոքներին զուգահեռ՝  կրկնվող պատմության նման ամեն տարի այս սեզոնին սկսվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Ու հնչում է ավանդական դարձած դժգոհությունը՝ ասֆալտի որակը լավը չէ: Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատրյանը նկատում է. ոչ միայն որակն է բացակայում, այլև վերահսկողությունը.

«Տեսեք՝ ինչ որակի աշխատանք են կատարում, որ ոչ թե մեկ տարի, այլ ընդամենը մեկ սեզոն է դիմանում, մինչև հաջորդ ցուրտը։ Ասում ես՝ ձեր ասֆատողը թողել գնացել է փոսը, իրենց չի հուզում։ Մի բանը եթե մարդուն փայտով ծեծելով պետք է ստիպես անի, էլ որակից ի՞նչ պահանջենք։  Ու տեսեք, թե դրանց հետևանքով ինչ է լինում. վթարներ՝ մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով։ Գույքայինի մասին էլ չեմ ասում»։

Երևանի քաղաքապետարանից  հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են նախատեսվում փոսալցման աշխատանքները, և ինչո՞ւ է նոր ասֆալտը դիմանում ընդամենը մի քանի ամիս։ Պատասխանեցին, որ Երևանում ասֆալտի վերանորոգման և փոսալցման աշխատանքների սկիզբը պայմանավորված է եղանակով: Կարևոր է նաև օդի որոշակի ջերմաստիճանը, որից ցածրի դեպքում ասֆալտապատման աշխատանքներն անարդյունավետ կլինեն։ «Ռադիոլուրին» հայտնեցին, որ քաղաքապետարանում ճանապարհաշինական բոլոր մրցույթներն անցկացված են, և ամենամյա աշխատանքները կսկսեն, երբ եղանակային նպաստավոր պայմաններ լինեն: Արտակ Խաչատրյանը, սակայն, այս  պատճառաբանությունները հիմնավոր չի համարում.  

«Բոլորն են հասկանում, որ սեզոնը պետք է բացվի, որ հնարավոր լինի աշխատանքներն կատարել։  Մենք առաջարկում ենք, որ շինաշխատանքները վերահսկվեն, որպեսզի ավելի որակյալ արվեն։ Անհրաժեշտ են նաև ժամանակավոր ճանապարհային նշաններ, ծածկույթներ,  որպեսզի վարորդը տեսնի և շրջանցի քանդված հատվածը։ Ժողովուրդն է ստեղծագործում ստիպված, մի տեղ անվադող են դնում, մի տեղ ծառ են տնկում։

Թե ով է պատասխանատու  քանդած ճանապարհի պատճառով գրանցված վթարի համար, միայն դատական փորձաքննությամբ է պարզվում: Ու այդ գործընթացն այնքան ժամանակատար է, որ վարորդները, ժամանակ չկորցնելու համար, հաճախ  իրենք են հոգում մեքենայի գույքային վնասը. քաղաքապետարանը  հազվադեպ է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնում։

Արտակ Խաչատրյանը վարորդներին հորդորում է միավորվել և քաղաքապետարանից պահանջել սեփական պարտականությունների բարեխիղճ կատարում:

Մինչ վարորդները բողոքում են ճանապահների անմխիթար վիճակից, քաղաքապետարանը հավաստիացնում է՝ ասֆալտապատման աշխատանքները մարտի 10-ից արդեն սկսվել են։ Թեպետ դրանք որոշ անհարմարություններ են  ստեղծում քաղաքում, բայց արվում են ցերեկը՝ բնակիչների գիշերային անդորրը չխաթարելու համար:  

Առաջիկայում ասֆալտապատման աշխատանքների ծավալը կմեծանա: Քաղաքապետարանից խոստանում են նաև որակի բարելավում:

Կարդացեք նաև

Back to top button