ԿարևորՏնտեսական

Չնայած տնտեսական անկմանը՝ ծրագրերի մեծ մասն իրականացվել է

2020–ին կառավարությունն առաջին անգամ է խորհրդարանին կառավարության ծրագրի կատարման տարեկան   հաշվետվություն ներկայացրել՝ ԱԺ-ում ասել է  է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով  2020-ի հաշվետվությունը։ Տարին լավագույններից չէր, բոլոր ոլորտները կրել են համավարակի ու պատերազմի հետևանքները, տնտեսական անորոշությունը շարունակվում է։ Չնայած տնտեսական անկմանը՝  նախատեսված ծրագրերի հիմնական մասն իրականացվել է։

2020–ին կառավարությունը ստիպված է եղել  երկու անգամ վերանայել  ընթացիկ տարվա  պետական  բյուջեն․ նախ՝ համավարակի, ապա՝ ռազմական դրության  ու պատերազմի հետևանքները մեղմելու համար։ Համավարակի տնտեսական ու սոցիալական  բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով  կառավարությունն ավելի քան 25 ծրագիր է իրականացրել,  ընդհանուր առմամբ հատկացվել է 200 մլրդ դրամից ավելի գումար։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հետաքրքրում էր՝ կա արդյոք հաշվարկ,  թե այդ ծրագրերը չնախաձեռնելու դեպքում ինչ պատկեր կունենայինք։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ գնահատականները նախնական են, վերջնական արդյունքներ կունենանք ավելի ուշ․ «Ըստ նախնական գնահատականի՝  հարկաբյուջետային ծարգրված միջոցառումների ազդեցությունը  ՀՆԱ–ի վրա 143 մլրդ դրամ է  գնահատված»։

2020–ին կանխատեսվում էր 7․8 տոկոս տնտեսական անկում, վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ տարին  փակվել է 7․6 տոկոս անկմամբ։ «Համաշխարհային շուկաներում անորոշությունը պահպանվում է, թե երբ անկումը կանգ կառնի, դժվար է ասել»։ 

Համաշխարհային շուկայի  միտումները հաշվի առնելով՝ ԿԲ-ն  վերանայել է  2021-ի  տնտեսական աճի իր  կանխատեսումը ՝ 2 տոկոսը դարձնելով  1․4։ Սցենարի փոփոխությունը միայն համաշխարհային  բացասական միտումներով չի  պայմանավորված։ ԿԲ–ում  մտահոգված են արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված անկման տեմպերով: 

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ համավարակով ու ռազմական դրությամբ պայմանավորված դանդաղել են նաև վարչատարածքային բարեփոխումները, փոխնախարարը նկատի ունի  համայնքների խոշորացման ծրագրի վերջին փուլը։ Համավարակն ու պատերազմը , սակայն, չեն խանգարել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին։ 2020–ին  նման 576 ծրագրի համաֆինանսավորում է կատարվել։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան.

«Պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.3 մլրդ դրամ։ Ընդ որում՝ 576 ծրագերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 26 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 11 մլրդ դրամ այլ կազմակերպությունների ու մասնավորի ներդրումը՝ շուրջ 700 մլն դրամ»։

2020 թվականին  իրականացվել  նաև  Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովության ծրագրի 2-րդ փուլը, որի շրջանակներում Կառավարության որոշմամբ շուրջ 2.1 մլրդ դրամ է տրամադրվել 185 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու  համար։   Չնայած համավարակին և պատերազմին ոչ պետական հատվածում զբաղվածների թիվը 2020-ի դեկտեմբերի տվյալներով  ավելացել  է 2.5%-ով , իսկ  միջին աշխատավարձն աճել  2%-ով։

Կարդացեք նաև

Back to top button