
Չնայած համավարակի ու պատերազմի ստեղծած դժվարություններին՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականացրել է 2020 թվականին նախատեսված ծրագրերի մեծ մասը: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2020 թվականին արվածը:
Սփյուռքի մասնագետների ներուժը Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու նպատակով 2020-ին առաջին անգամ իրականացվել է «Ի գործ» ծրագիրը: Ազգային ժողովում, 2020թվականին իրենց գործունեությունն ամփոփելիս, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ ծրագիրը հաջողված են համարում: Ծրագրի 6-ամսյա գործունեության ընթացքում տարբեր երկրներից 52 մասնակիցներ աշխատել ու աշխատում են պետական 19 կառույցներում:
«Մենք ունենք անհատներ, ովքեր ծրագրեր են առաջարկել նախարարություններին և գերատեսչություններին: Ունենք անհատներ, ովքեր մշտական աշխատանքի առաջարկ են ստացել, ունենք մասնակից, որ անցյալ շաբաթ նշանակվեց Էկոնոմիկայի նախարարության նորարարության ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն: Բացի այդ գիտենք, որ առնվազն 6 մասնակից որոշել են հայրենադարձվել և մշտապես բնակվել Հայաստանում»,- ասում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

2020-ի արդյունքներից ոգեշնչված՝ գրասենյակը մտադիր է այս տարի անցնել ծրագրի երկրորդ փուլին՝ նախատեսված 50 սփյուռքահայ մասնակցի համար:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Զարեհ Սինանյանն ամփոփեց նաև համավարակի և պատերազմի օրերին Սփյուռքի հետ իրականացրած աշխատանքները: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում սփյուռքը մեծ քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան, աշխատանք է տարվել նաև սփյուռքից ժամանած կամավորների, հիմնականում՝ բժիշկների աշխատանքը կազմակերպելու և կեցության հարցերը լուծելու ուղղությամբ:
«Համավարակի օրերին կազմակերպեցինք նաև մի քանի բժշկական առաքելություններ Հայաստան, որի արդյունքում մի քանի տասնյակ սփյուռքահայ և ոչ հայ բժիշկներ ժամանեցին Հայաստան: Նշեմ, որ այս ծրագրի պատճառով Հայաստանը ֆինանսական ծախսեր չի կրել, բոլոր ծախսերը հոգացել է կամ Ֆրանսիայի, կամ ԱՄՆ-ի կառավարությունը»,- ամփոփում է Զարեհ Սինանյանը:

Անցած տարի շուրջ 2500 սփյուռքահայ դիմել է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ Հայաստանում բնակվելու հետ կապված հարցերով, 9597 օտարերկրյա քաղաքացի ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ Բեյրութի աղետից հետո օգոստոս-նոյեմբեր ամիսներին շուրջ 2000 լիբանանահայ մշտական բնակության համար ժամանել է Հայաստան:
Զարեհ Սինանյանը նշում է որ, անցնող տարվա ընթացքում ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ շարունակել են աշխատել հայրենադարձության մասին օրենքի նախագծի վրա: Մշակվել է նաև հայրենադարձների ինտերգրման կենտրոնի ստեղծման ծրագիրը: Այն կիրականացվի այս տարի:
«Այս կենտրոնի նպատակը կայանում է նրանում, որ հայրենադարձվող ցանկացած անհատ կամ ընտանիք, Հայաստան գալով, ունենալով բազմաթիվ խնդիրներ, չգնա մի գերատեսչությունից մյուսը: Ինտեգրման կենտրոնի գործարկումից հետո մարդիկ կգան այնտեղ, կդիմեն աշխատակցին, որը կգնահատի հայրենադարձի խնդիրները և կլուծի դրանք տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության միջոցով»,- պարզաբանում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը:




