
Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն անհանգստացնող են՝ այսօր խորհրդարանում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ մեր երկրում պատվաստումներն իրականացվում են միայն ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, ընդհանուր առմամբ կորոնովիրուսի դեմ պատվաստվել է 300 անձ ։
Խիստ սահմանափակումներին, լոքդաունին վերադառնալու հարց առայժմ չի քննարկվում, բայց, ըստ իրավիճակի, լոկալ որոշումներ են կայացվում։ Օրինակ, այն դպրոցները, որտեղ վարակի տարածման ցուցանիշներն ավելանում են, անցնելու են օնլայն ռեժիմի՝ ասել է Անահիտ Ավանեսյանը:
«Լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին քննարկումներ չունենք: Մեր քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելուն: Ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են, և ունենք բռնկում, անցնում են օնլայն ռեժիմի, որպեսզի ընդհանուր դասապրոցեսը չխաթարվի, այսպիսի լոկալ լուծումները հնարավորություն են տալիս կանխել վարակի տարածումը»,- նշել է նախարարը:
Այս պահին կորոնավիրուսով հոսպիտալացվող անձանց սպասարկում է 10 բուժկենտրոն, ներառյալ՝ Սպիտակի ու Կապանի հիվանդանոցները, երեխաների համար՝ Երևանում Մուրացանի նորածնային բաժանմունքն ու Արաբկիրի ինֆեկցիոնը: Հայաստանում կորոնովիրուսի դեմ պատվաստվել է 300 անձ՝ ասում է նախարարը :
«Պատվաստումներն իրականացվում են բուժաշխատողների շրջանում, և միայն «Սպուտնիկ V» ենք կիրառում։ Հաջորդ խմբաքանակները դեռ պետք է գան Հայաստան, այդ ժամանակ արդեն ավելի լայն շրջանակներ կպատվաստվեն»,– նշել է նախարարը։
Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում էր կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման արդյունքները ներկայացնելու համար:
Ըստ գործադիդրի զեկույցի ՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը ծախսել է շուրջ 26.5 մլրդ դրամ:
«Տարվա ընթացքում կատարվել է 595 876 թեստավորում: Սկսել ենք 20-30 թեստավորման կարողություններից, ժամանակի ընթացքում մեծացրել ենք թե՛ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի և թե՛մասնավոր ընկերությունների հնարավորությունները, ստեղծվել են համավարակի դեմ պայքարի բոլոր իրավական հիմքերը։ Ներկայում Հայաստանում օրական մոտ 4500 թեստավորում է իրականացվում»- խորհդարանում ասել է նախարարը։
Կառավարությունը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը վարվել է անկառավարելի պիկերը բացառելու ուղղությամբ։




