
Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանելով 5.5%: Գխավոր դրամատան ղեկավարը հայտարարել է, որ վերանայվել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը։ Եթե նախկինում Կենտրոնական բանկը 2 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսում, ապա այժմ կանխատեսումն ավելի համեստ է՝ 1․4 տոկոս։ Սցենարի փոփոխությունը պայմանավորված է արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներում բացասական միտումներով:
1.4 տոկոս տնտեսական աճ՝ նախկինում կանխատեսված 2 տոկոսի փոխարեն։ Տնտեսական աճի սցենարի փոփոխությունը պայմանավորված է միջազգային միտումներով։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի պարզաբանմամբ՝ 2021թ առաջին եռամսյակին Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում նկատվել են տնտեսական ակտիվության վերականգնման միտումներ, բայց հումքային շուկաներում գները շարունակում են բարձրանալ։ Գլխավոր դրամատանը գների բարձրացում ակնկալում են նաև հայկական շուկայում։
«Մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված, որը թույլ կտա առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու՝ հաղթահարել այս իրավիճակը»։
ԿԲ–ում կանխատեսում են, որ արտաքին աշխարհից եկող գնաճային ճնշումները առաջիկայում կպահպանվեն, իսկ ներքին տնտեսությունից գլխավոր դրամատունը գնաճային ազդեցություններ չի սպասում։ Հենց այս կանխատեսումները հաշվի առնելով՝ գլխավոր դրամատունը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%:
Եթե ԿԲ–ն վերաֆիանսվարոման տոկոսադրույքը թողնում է անփոփոխ, սա նշանակում է, որ այս փուլում գնաճն արդյունավետորեն զսպելու հնարավորություն կա՝«Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը։
«Դա լավ գործիք չէ, ստիպողական գործիք է, սակայն տնտեսական քաղաքականությունը վերանայելու և վերաիմաստավորելու ժամանակ է տալիս: Նպատակն էլ հենց դա է՝ թանկացնել փողը և սպառման ծավալների նվազման միջոցով զսպել հետագա գնաճը»։
Միջազգային շուկայում բարձրացել են հատկապես պարենի գները՝ արձանագրում է ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։ Պարենային տարբեր ապրանքների ինդեքսն աճել է 15 տոկոսով , ինչն արտացոլվել է նաև հայաստանյան գնաճի վրա։
Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են 5.3%-ով ։ Բարձր գնաճը Կենտրոնական բանկը պայմանավորում է ներմուծվող ապրանքների բարձր գներով, ինչպես նաև՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ։
Կարճաժամկետ հատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկերի տոկոսների վրա էական ազդեցություն չի ունենա, երկարաժամկետ հատվածում այդ ազդեցությունը գուցե տեսանելի լինի։ Կենտրոնական բանկում այս տարվա փետրվարին վարկային պորտֆելի 11 տոկոսով կամ 375 մլրդ դրամով աճ են արձանագրել։
«Իրավաբանական անձանց վարկերը աճել են 11․3, իսկ ֆիզիկական անձանց վարկերը՝ 39 տոկոսով ։ Կառավարության իրականացրած ծրագրերը էական դեր են ունեցել վարկային պորտֆելի վրա», — նշեց ԿԲ նախագահը։
Տնտեսագետ Հայկ Մնացականյանի դիտարկմամբ՝ գլխավոր դրամատան կողմից կիրառվող միջոցների հիմնական նպատակը տնտեսական անկայունությունը հաղթահարելն է, իսկ անկայունության համար անցյալ տարվանից բոլոր նախադրյալները կան ։




