ԿարևորՀասարակություն

AstraZeneca-ն Վրաստանում է․ Ջավախքում նախընտրում են Sputnik-V -ն

Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Խոստացված Pfizer-ի փոխարեն Վրաստան է հասել AstraZeneca ընկերության պատվաստանյութը։ Վերջինիս նկատմամբ հասարակության մի մասի թերահավատությանն ի պատասխան տեսախցիկների առջև առաջինը պատվաստվում են երկրի բուժաշխատողները՝ կոչ անելով բոլորին հետևել իրենց օրինակին՝ նորմալ կյանք վերադառնալու համար։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված թեման կրկին թեժանում է հատկապես, որ խոստացված Pfizer-ի փոխարեն երկիր է ներմուծվել AstraZeneca ընկերության առաջին խմբաքանակը։

Բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութով պատվաստումներն այս պահին ԵՄ մի քանի երկրներ դադարեցրել են`պատվաստվածների մոտ տրոմբոէմբոլիայի դեպքերի մասին հաղորդագրություններից հետո։

«Մեզ բաժին է հասել աշխարհում առկա ամենավատ պատվաստանյութը,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքական հարցերով փորձագետ Առնո Խիդաբիգիշվիլին՝ լավագույնը համարելով ռուսականը․

«Ես չգիտեմ, թե որն է պատճառը, բայց մենք պատվաստանյութ արտադրողների հետ շփումներ չունեցանք։ Ռուսատանի հետ՝ քաղաքական պատճառներով, մյուսների հետ՝ անհայտ, և ոչ ոք Վրաստանին նվեր չարեց, չնայած որ երկիրը ԵՄ-ի ասոցացված գործընկերն է և ձգտում է դեպի ՆԱՏՕ»։ 

Իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը նշում է, որ Վրաստանը երկիր ներմուծում է միայն ԱՀԿ-ի կողմից ընդունված պատվաստանյութերը։ AstraZeneca-ն դրանցից մեկն է։ Համեմատաբար ցածր արդյունավետություն ունեցող այս պատվաստանյութով պաստվաստվելուց հետո եւս կարող է մարդը վարակվել, սակայն ծանր դեպքերում, ըստ նրա, այն նման է Pfizer-ին ու Moderna-ին․   

«Մենք շարունակում ենք AstraZeneca-ով պատվաստումները, վստահորեն կարելի է ասել, որ ով պատվաստվի չի մահանա, կամ վերկանդանացման բաժանմունք չի ընկնի»։

Վրաստան հասած AstraZeneca-ն (43200 չափաբաժին) Հարավային Կորեայի արտադրությունն է։ Առաջին փուլում պատվաստվում են բուժաշխատողները, միայն երեկ 668 բուժաշխատող է պատվաստվել։

Ջավախքում սպասում են Sputnik V-ին

Հայաշատ Սամցխե Ջավախեթի է ուղարկվել 300 չափաբաժին պատվաստանյութ՝ 200-ի հասնող բուժանձնակազմի համար։ Տեղի Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Ավետիք Տոնականյանը մեզ հետ զրույցում ասաց՝ մարտի 17-ից կսկսվեն պատվատումները․

«Մեր մոտ հիմա երկար ժամանակ է կորոնավիրուսի նոր դեպքեր չկան։ Բայց պատվաստվելու շուրջ ակտիվություն կարծում եմ, պետք է լինի, սակայն շատերն ուզում են Sputnik-ը, դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ շատ է ասվում՝ բարդություններ չեն լինում։ AstraZeneca-ի պարագայում ևս, ինչպես ԱՀԿ-ն է հաստատում բարդություններ չկան»։

Հայաշատ շրջանում, ի դեպ, փոքրիկ լրագրողական հարցախույզը ցույց է տալիս, որ քաղաքացիները հիմանկանում չեն ցանկանում պատվաստվել։

Ընդհանրապես Վրաստանում, ըստ ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI-ի) վերջին հարցումների, բնակչության 46 տոկոսը դեմ է պատվաստվելուն, 38 տոկոսը կողմ, իսկ 15 տոկոսը դժվարանում է պատասխանել։

Վրաստանը պատրաստվում է ներմուծել նաև Pfizer-ի առաջին խմբաքանակը այս ամսվա վերջին։ Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու մասին խոսք չկա, սակայն մեզ հետ զրույցում Բիձինա Կուլումբեգովը նշեց, որ որևէ խնդիր ամենայն հավանականությամբ չի լինի, եթե Վրաստան մուտք գործող օտարերկրացին ունենա ռուսական պատվաստման վկայական։

Հիշեցնեմ՝ Վրաստանի օդային ճանապարհը բաց է PCR թեստի բացասական պատասխանով, իսկ ցամաքային ճանապարհներն այս պահին բաց են այն  օտարերկրացիների համար, ովքեր ունեն պատվաստման վկայական։

Կարդացեք նաև

Back to top button