ԿարևորՀասարակություն

Հայկական PicsArt-ը և ServiceTitan-ը Forbes-ի՝ ամերիկյան լավագույն ստարտափ գործատուների ցուցակում

Հեղինակավոր Forbes-ը հրապարակել է այն 500 ընկերությունների ցանկը, որոնց հաջողվել է վիրտուալ աշխարհ տեղափոխել իրենց աշխատակիցներին։

StartHubArmenian-ն անդրադառնալով ցանկին, գրում է, որ Forbes-ը համագործակցել է Statista շուկայի հետազոտական ընկերության հետ, պարզելու համար՝ որոնք են գործող և նորաստեղծ այն ընկերությունները, որոնց աշխատակիցները ամենաշատն են հավանել իրենց գործատուներին։ Սա ամերիկյան ամենալավ սթարթափների գործատուների ամենամյա վարկանիշավորման երկրորդ դասակարգումն (վարկանիշավորումն) է։

Ցուցակը ստեղծվել է նվազագույնը 50 աշխատակից ունեցող 2500 ընկերության գնահատմամբ։ Ընտրությունը կատարվել է երեք չափանիշների հիման վրա՝ գործատուի հեղինակություն, աշխատակցի բավարարվածություն և աճ։

Ցուցակում ընդգրկված են հայկական երկու ընկերություն՝ Picsart-ը և ServiceTitan-ը։

2012-ին հիմնադրված հայկական Picsart ընկերությունը տարվա լավագույն գործատուների ցանկում 93-րդն է։ Ընկերությունը հիմնադրվել է Հովհաննես Ավոյանի, Արտավազդ Մեհրաբյանի և Միքայել Վարդանյանի կողմից։ 

PicsArt-ը  մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: Այն 20 ամենաշատ ներբեռնում ունեցող հավելվածներից մեկն է։

PicsArt վիզուալ ստեղծագործման աշխարհի ամենախոշոր պլատֆորմը 2020-ին ձեռք է բերել  D’efekt ընկերության և վիդեո էֆեկտների հավելվածը: Այս ստարտափը բազմիցս ներկայացվել է որպես Apple-ի «Օրվա հավելված» և առաջարկում է շարժման վրա հիմնված վիդեո էֆեկտներ:  PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաև Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում:

Սիլիկոնային հովտի ամենաարագ զարգացող ընկերություններից ServiceTitan-ը ցուցակում 116-րդն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2013-ին։ Գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում  է։ Միայն այնտեղ կա 950 աշխատակից։ Տեղեկացնենք նաև, որ ընկերությունը ներկայացված էր նաև Forbes-ի 2020թ. Cloud 100 ցուցակում, որում 11-րդն է։

Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի ServiceTitan ընկերությունը 2020թ. մայիսին գնահատվել է 2.25 միլիարդ դոլար։

Forbes-ի ցանկը գլխավորում է 2016-ին հիմնադրված Hiya ստարտափը։

Կարդացեք նաև

Back to top button