
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երեկ ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու Ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։
Առաջին կանգառը Բաքվում էր, որտեղ ԵԱՀԿ նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հայկական կողմը կարևորում է նման բոլոր այցերը, քանի որ դրանք միտված են խաղաղ բանակցությունները շարունակելուն՝ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ ակնկալիք ունի հայկական կողմը ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցից։
Արձագանքելով դիտարկմանը, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախում չեն եղել, Բաբայանը նկատեց, որ դրան նպաստել են նաև օբյեկտիվ հանգամանքները․
«Վերջին այցելությունը 2019 թ.-ին էր։ Դրանից հետո համանախագահները տարածաշրջանում չեն եղել։ Նախ՝ պանդեմիան սկսվեց, և նրանք չկարողացան գալ, հետո՝ պատերազմը։ Այնուամենայնիվ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է։ Այն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բնական է, որ դրանով զբաղվում են անմիջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները»։
Արցախի արտգործնախարարը կարծում է, որ համանախագահների հետ հանդիպումներ կլինեն առաջիկայում։ Դրա համար պարզապես ժամանակ է հարկավոր։
Մինսկի խմբի ձևաչափի կարևորության մասին խոսվում է դիվանագիտական տարբեր հարթակներում։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պարբերաբար շեշտում են այդ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտությունը։ Նման շեշտադրում արել է նաև Ռուսաստանը։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս հարցում հայկական կողմն իր դիրքորոշումը չի փոխել։
«Համանախագահ երկրները կարևորում են այս ձևաչափը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափ։ Մենք նույնպես դա ընդունում ենք և պետք է շարունակենք աշխատանքներն այդ ձևաչափով»։
Ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը, սակայն, կարծում է, որ Բաքվին որոշակիորեն հաջողվել է փոխել Մինսկի խմբի ձևաչափը. Թուրքիան, փաստացի, անուղղակիորեն ներգրավված է գործընթացում։
ԵԱՀԿ նախագահի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե հետպատերազմյան չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը և ուշադրությունն ուղղելու ապագային»։

«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար։ Մենք ամբողջությամբ պատրաստ ենք դրան»,-ասել է Ալիևը։
Հայկ Խաչիկյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի հայտարարությունների անկեղծությունը խիստ կասկածելի է։
«Եթե Ադրբեջանի իշխանությունները համարում են, որ հակամարտությունը լուծված է, ապա հարց է առաջանում, թե ինչու են նոր զորավարժությունները անցկացնում »,-նշում է փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ եթե նախկինում նման զորավարժությունների անցկացումը հասկանալի էր, ապա նոր իրողություններում դրանց նպատակն այնքան էլ պարզ չէ։ Եթե ադրբեջանական կողմը խնդիրը լուծված է համարում և կարծում է, որ հիմա տնտեսական-լոգիստիկ խնդիրներով զբաղվելու ժամանակն է, ապա անհասկանալի է գերիների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը։
«Ինչի՞ համար են պահում, ի՞նչ խնդիր են դրանով փորձում լուծել, եթե համարում են, որ հակամարտությունը լուծված է»,- նկատում է Խաչատրյանը։
Ի՞նչ հեռանկար ունի Մինսկի խմբի ձևաչափն այս իրողություններում։ Դավիթ Բաբայանը նկատում է՝ հակամարտությունը կարգավորված չէ ոչ իրավական , ոչ էլ քաղաքական առումով։ Վերջնական կարգավորման մասին կարելի է խոսել միայն համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո՝ ասում է Բաբայանը և հավելում․ «Եռանախագահների և կողմերի միջև ստորագրված, միջազգայնորեն վավերացված փաստաթղթի մասին է խոսքը, որի տակ պետք է լինի նաև Արցախի Հանրապետության ստորագրությունը։
Միայն այդ դեպքում է հնարավոր վերջնական կարգավորվումը։ Իրավական տեսանկյունից կարգավորման այլ տարբերակ չկա։ Բացի դրանից՝ քաղաքական բազմաթիվ հարցեր կան. Ադրբեջանը չի վերանայում իր դիրքորոշումը և շարունակում է հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը։ Այս ամենը ևս պետք է հաշվի առնենք։
Հետևաբար՝ ոչ իրավական, ոչ քաղաքական առումով հակամարտությունը կարգավորված չէ։ Ռազմական առումով էլ ունենք այլ իրավիճակ․ գործողությունները դադարել են, և ռուս խաղաղախահներն են տարածաշրջանում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում»։
Մինչև հակամարտության վերջնական կարգավորումը աշխատատար և ժամանակատար գործընթաց կա, որն առջևում է՝ եզրափակեց Արցախի արտգործնախարարը։




