
Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 86-ամյակն է:
Նրա լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է կրկեսում: 1964 թ-ին Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:
Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971 թ.), «Վերջին ռաունդ» (1984 թ.) գրքերը (երկուսն էլ՝ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող:
Իսկ ինչպես է նկարագրում Լեոնիդ Ենգիբարյանը ինքն իրեն.
«Ես այնպիսին չեմ ինչպիսին բոլորը։ Ախր ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք: Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը… Վինսեթ Վան Գոգին:
Երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարը, ինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Դրանք մարդկային բնավորություն ունեցող դիմակներ էին։ Իսկ ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունը, հետևաբար, նաև թախիծը։ Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղ, լավատեսություն՝ ամեն դեպքում։ Հետևաբար, չկա մարդը։ Իմ հերոսը մարդ է։ Այդ պատճառով ծիծաղում է, տառապում, թախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար»։




