ԿարևորՀասարակություն

Դատավորի կիրակի. Մեծ Պահք

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Qahana.am-ը գրում է, որ այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): 

Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 15-ից: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք:

Կարդացեք նաև

Back to top button