
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:
Այս մասին «Ռադիոլուր»-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Բացարձակ կեղծ լուրեր են: Կարմիր շուկան հանձնելու որևէ հարց չի քննարկվում, և չի էլ կարող քննարկվել: Բնակավայրի զարգացմանն են առնչվում Արցախի իշխաությունների բոլոր ծրագրերը: Նախագահ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Կարմիր շուկայում արդեն խոշոր ծրագրեր են մեկնարկել:
Ցավում եմ, որ անընդհատ շահարկվում է Կարմիր շուկայի հարցը՝ տուրք տալով ադրբեջանական քարոզչությանը և նույնիսկ փորձելով ներքաղաքական դիվիդենտներ շահել:
Ցավում եմ, որ մոռացվում են նախ և առաջ Կարմիր շուկայում ապրող մարդիկ, ովքեր ամիսներ առաջ նայել են պատերազմի աչքերին ու այսօր էլ ապրում են շփման գծի հարևանությամբ:
Կարմիր շուկայի ու հարակից համայնքների բնակիչների հույզերի հետ պետք չէ խաղալ:
Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին, ապա նախագահ Հարությունյանի կողմից նրա հանդեպ ոչ մի ճնշում չկա և չի կարող լինել»,- ասել է Ավանեսյանը:
Ավելի վաղ հայկական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:




