ԿարևորՔաղաքական

Նախագահին «այո» է ասել առայժմ միայն էդմոն Մարուքյանը

Քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարները դեռ չէին հասցրել արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի խորհրդակցությունների հրավերին, երեկ՝ մարտի 10-ին, երկխոսելու հրավեր տարածվեց Բաղրամյան 26-ից:

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին սպասում է իր նստավայրում:

Իշխանությունն ու ընդդիմությունը հայտնում են իրենց դիրքորոշումը, բայց բացակայում է միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը. նկատում է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ մարտի 10-ին տարածած հայտարարությամբ:

Երեկ երեկոյան, երբ հրապարակվեց նախագահի  հայտարարությունը, «Հայրենիքի փրկության շարժումն» իր հերթական արժանապատվության երթն էր անցկացնում։ Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարությանն արձագանքեց երթի ընթացքում՝ ճեպազրույցով: Ասաց՝ նախագահն ուներ  բացառիկ հնարավորություն ճգնաժամը լուծելու:

Դա ԳՇ պետի ազատման հարցն էր. «Դիմեր ՍԴ, որից հետո այս բոլոր քննարկումները ավելի արդյունավետ և հասկանալի կլինեին։ Իր «սև գործը» անելուց հետո, հիմա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ քննարկում է ուզում անել»։

Քաղաքական ուժերի հետ հանդիպելու կոմպլեքս չունենք՝ նշեց Սաղաթելյանը: Շեշտեց՝ «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը չի փոխվել, պատրաստ են հանդիպման, բայց նույն օրակարգով՝ քննարկել վարչապետի հեռանալու հարցը՝ այս անգամ իր իսկ մասնակցությամբ:  

Նախագահի հրավերի հետ կապված ինչպիսի՞ տրամադրություններ կան հայրենիքի փրկության շարժման մեջ՝  փորձեցինք պարզել Վազգեն Մանուկյանից։ Հարցը դեռ չէին քննարկել։ Մանուկյանն ասաց. «Այսօր շարժումը կընդունի որոշում և հայտարարություն»։   

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը՝ մասնակցելու երկրում ներքաղաքական իրավիճակի  քննարկմանը, որ լուծումներ գտնեն: Այս մասին ՖԲ-ում  գրառում է արել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»։

Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժից՝ ԲՀԿ-ից, որը նաև Հայրենիքի փրկության շարժամ անդամ է, պատասխան ստանալ չհաջողվեց: ԲՀԿ-ն մինչև այսօր դեռ պատասխան չի տվել նաև վարչապետի հանդիպման հրավերին:  Նկատենք, որ մարտի 13-ին նախագահականում կայանալիք հանդիպմանը քաղաքական ուժերը իրենց մասնակցությունը պետք է հաստատեին այսօր՝ մինչև 18.00-ն:

Կարդացեք նաև

Back to top button