ԿարևորՀասարակություն

Վթարային շենքերի հարցը կլուծեն 18 հարկանի նորակառույցով

Կառավարությունը այսօրվա նիստում համաձայնություն տվեց Աջափնյակ համայնքում բնակարանաշինության ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացմանը: Ծրագրի միջոցով փորձելու են մասամբ լուծել մայրաքաղաքի բնակֆոնդի նորացման հարցը և կրճատել վթարային շենքերի թիվը։ Վարչապետի խոսքով՝ ծրագրի հաջող իրականացմամբ կգործարկվի մեխանիզմ, որով առնվազն առաջին փուլում Երևանում կլուծվի վթարային շենքերի խնդիրը:

«Մենք մարզերում ևս ունենք խնդիրներ, և եթե մեխանիզմը սկսեց աշխատել գործնականում կարող ենք ասել, որ ռազմավարական առումով հարցը լուծման ռելսերի վրա է դրված»,- նշեց Փաշինյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պատկերը ներկայացրեց թվերով.  Հայաստանում վթարային շենքերը 600–ից շատ են,   95-ը ունեն վթարայնության 4–րդ աստիճան:

Նախագծով հաստատվել է Երևանի Աջափնյակ համայնքից շուրջ 28 000 քմ մակերեսով հողամասը «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ–ին վաճառելու` քաղաքապետարանի առաջարկությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագիծն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում ընկերությունը բնակիչներին վերաբնակեցնելու համար 2000 ք/մ մակերեսով բնակելի տարածք կհատկացնի:

«Երկրորդ փուլում նախատեսվում է ապամոնտաժել շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող երրորդ կարգի վթարային շենքը և տեղում կառուցել 16 408 ք/մ մակերեսով 18 վերգետնյա և երկու ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք», — մանրամասնեց նախարարը:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը նախագծին ծանոթ չէ: Ասաց՝  չի կարող ամբողջական գնահատական տալ։ Նրա խոսքով՝ 18 հարկանի շենքեր կառուցելով հնարավոր է վթարայինների հարցը լուծել, բայց շատ բան կախված է լինելու կառուցապատման նախագծից։ Սեյսմիկ անվտանգության խնդիրն էլ դիտարկվեց. Ճարտարապետն ասաց՝  ճիշտ գնահատումների դեպքում կարելի է նույնիսկ ավելի բարձր շենքեր  կառուցել. երկրաշարժի ժամանակ դրանք կլինեն պակաս վտանգավոր, քան ցածրահարկ հները:

«60-70 ական թվականներին կառուցած 4, 7, 11 հարկանի շենքերը կառուցապատվել են այն ժամանակվա յոթը բալ սեյսմիկ կայունությամբ, իսկ հիմա արվում է ինը  և ավելի բալ սեյսմակայունության համար։ 18 հարկը չպետք է մարդկանց վախեցնի, պետք է ճիշտ նախագիծ արվի։ Կանաչապատման մակերեսները պետք է մեծ լինեն։ Շինարարների փողոցում յոթից ավելի շենքեր կան, այդտեղ արդեն պետք է մի քիչ զգույշ լինել, եթե այդ թաղամասը քիփ կառուցապատվի, դա արդեն կլինի այն, ինչին ես դեմ եմ»,- ասաց Բադալյանը։

Կառուցապատողի ու վթարային շենքերի բնակիչների հարաբերությունները կարգավորվելու են նրանց հայեցողությամբ:  Բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ նոր բնակարանը կամ  դրա գումարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նման ծրագրային առաջարկներ ունեն նաև այլ կառուցապատողներից։ Եթե մայրաքաղաքում այս ծրագրի իրականացումից գոհ լինեն, հնարավոր է, այն շարունակվի մարզերում։

Կարդացեք նաև

Back to top button