ԿարևորՄշակույթ

Շուշիում և Աղդամում մզկիթները պահպանեցինք, բայց հայկակական կոթողների ճակատագիրն անհայտ է. Գագիկ Գյուրջյան

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը «Իկօմոս Հայաստան» ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանն է: Նրա դիտարկմամբ՝ առհասարակ Հայաստանի տարածքում այլ մշակութային կառույցների պահպանության հարցում պետությունը հետևողական է: Օրինակ՝ Երևանի հին թաղամասերից մեկում՝ Կոնդում էլ ունենք մզկիթ, որի պահպանության հարց դրված է թաղամասի վերականգման նախագծի քննարկումների առաջին  իսկ օրից։ Իսլամական մշակութային կառույցներ ունենք նաև Արցախում, ասում է Գագիկ Գյուրջյանը:

«Շուշիում և Աղդամում պահպանված մզկիթներ ունենք։ Շուշիում վերակառուցել ենք մզկիթները, ընդ որում հայ բարերարների շնորհիվ, Թավրիզից հրավիրված մասնագետներ կային և այդ փորձը մենք արդեն ունեինք ի դեմս 2000-ականների սկզբի, երբ վերանորոգում էինք Երևանի «Կապույտ» մզկիթը: Պետության հոգածությունը միշտ եղել է դրանք լավ պահպանելու հարցում, իսկ մասնագիտական շրջանակներում էլ հաճախ ուսումնասիրություններ ենք իրականացրել»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Արցախյան վերջին պատերազմից հետո բազմաթիվ եկեղեցիներ մնացին ադրբեջանական վեերահսկողության տարածքում: Քրիստոնեական ժառանգությունը ադրբեջանցիները ներկայացնում են որպես աղվանական կամ ուդիական, փորձում են խեղաթյուրել պատմությունը, ասում է «Իկօմոս Հայաստան» ՀԿ նախագահը։ Միջազգային տարբեր կառույցների դիմել են, սակայն գոհացնող արդյունք դեռ չկա:

«Հիմա Արցախի մշակույթի նախարարի հրամանով մի խորհուրդ է ստեղծվել, որտեղ նաև Հայաստանի մասնագետներն են։ Փորձում ենք գնահատել, թե քրիստոնեական կառույցները ինչ վնասներ են կրել այս ընթացքում, պարբերաբար մոնիթորինգ է անցկացվում։ Խորհրդի եզրակացությունները ամեն նիստի ամփոփելու ժամանակ կներկայացվի հասարակությանը»,-նշում է Գագիկ Գյուրջյանը։

Հայկական վերահսկողությունից դուրս մնացած՝ Արցախի մշակութային կոթողները վտանգված են, անհայտ ճակատագրով: Ադրբեջանը չի արձագանքում Արցախ ՅՈՒՆԵԿՕ-ի փորձագիտական առաքելություն ուղարկելու կոչերին, չի արձագանքում մշակութային ժառանգության պահպանման միջազգային գործակալությունների հայտարարություններին ու նամակներին։ Վերջերս էլ աշխարհի տարբեր գիտական հաստատությունների շուրջ 150 գիտնականներ խնդրագիր էին ներկայացրել Պապական աթոռի պետքարտուղարություն՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ:

Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը Արցախի հոգևոր ժառանգության վրա հրավիրելու նպատակով ամիսներ առաջ  Մայր Աթոռում հաստատված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին, որ պատասխանի և առհասարակ ներկա գործունեության վերաբերյալ կարձագանքեն ավելի ուշ։

Կարդացեք նաև

Back to top button