ԿարևորՀասարակություն

ԱԱՀ-ն՝ այլընտրանք վարկերին․ հարկը բիզնեսին կվերադարձվի ամեն ամիս

Կառավարությունն առաջարկում է կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը և  դրանք վերադարձնել ոչ թե յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, այլ՝ ամեն ամիս։ Նպատակը տնտեսվարողներին շրջանառու ազատ  միջոցներով ապահովելն է։  2019 թվականին կառավարությունը տնտեսվարողներին է վերադարձվել 175, իսկ 2020-ին՝ 139 մլրդ դրամ։ Կառավարությունում քայլը ֆունդամենտալ են որակում, առաջարկից գոհ են նաև փորձագիտական շրջանակներում։

Կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները տնտեսվարողներին վերադարձնել  ամեն ամիս՝  եռամսյակի փոխարեն։ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության հեղինակը  Պետական եկամուտների կոմիտեն է։  Բիզնեսն ամեն ամիս  լրացուցիչ միջոցներ ներգրավելու և դրանք կրկին տնտեսության մեջ ներդնելու հնարավորություն է ստանում ՝ պարզաբանում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Առաջարկվող կարգավորումներով  յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված  ԱԱՀ  հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ԱԱՀ–ի  վերադարձի  դիմումները ներկայացնել։ Այժմ  այդ դիմումները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող  ամսվա 21-ին»։

Ավելացված արժեքի հարկի չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողներին, երբ  ընկերություններն արտադրանք են արտահանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ՝ 2018-ին այդ գումարը վերադարձվում էր 6-ամսյա կտրվածքով, 2019-ին կատարված փոփոխությամբ այդ ժամկետը դարձավ  եռամսյա, հիմա ԱԱՀ-ի վերադարձի ամենամսյա ռեժիմ է առաջարկվում։

«Չափազանց կարևոր որոշում է։ ԱԱՀ  գումարների վերադարձի  հարցը, որն ունի տասնամյակների պատմություն, այսպիսով` լուծում ենք ու փակում հարցը»։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացրած  տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին  վերադարձվել է 175 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 139 մլրդ դրամ։ 2020-ի առաջին երկու ամիսներին բիզնեսին է  վերադարձվել շուրջ  18, այս տարվա  նույն ժամանակահատվածում՝ շուրջ  22 մլրդ դրամ։  

Բիզնեսն առանց  ֆինանսական լրացուցիչ միջոցների  նոր իրողություններում կդժվարանա  գոյատևել․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տնտեսագիտական  պարզ հաշվարկ է  անում ու եզրակացնում՝ վերադարձվող գումարները  այլընտրանք են վարկերին։

«Եթե տնտեսվարողը, օրինակ, 1 մլրդ դրամի կարիք ունի, ապա նա պետք է դիմի բանկերին։ Այս դեպքում տարեկան առնվազն 50 մլն դրամ էլ պետք է տոկոս վճարի։ Իսկ եթե բիզնեսը գումարի կարիք չունի, նույն այդ 1 մլրդ դրամը կարող է 6 ամսով դեպոզիտով պահել ու հավելյալ մոտ 40 մլն դրամ եկամուտ ստանալ։ Իմ կարծիքով՝սա լրջագույն բարեփոխում է»։

 Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում մոտեցումը դրական է  գնահատում։ Արձանագրում է՝ այս դեպքում  բիզնեսն ավելի շատ ազատ միջոցներ կուտակելու հնարավորություն կունենա։  Ընտանիքի ծախսերի օրինակով է բացատրում։

«Պատկերացրեք՝ ընտանիք եք  պահում  ու եկամուտը ստանում եք երեք  ամիսը մեկ։ Մինչև երեք ամիսը լրանում է, ծախսերը կուտակվում են։ Եթե անգամ երեք ամիս հետո դուք ավելի մեծ գումար եք ստանում, միևնույնն է, ծախսերն ավելի  մեծ են։ Գումարը ծախսվում է միանգամից, քանի որ պարտավորություններն ավելի շատ են։ Սա ողջունելի  է բիզնեսի համար, կարևոր քայլ է»։

Բիզնեսն այս փուլում բազմաթիվ խնդիրներ ունի՝ ասում է  Մակարյանն ու եզրափակում՝ աջակցության շարունակական քայլեր են անհրաժեշտ ։ Կառավարությունը ևս մեկ քայլ նախատեսում է առաջիկայում․ օրակարգում սահմանին վճարվող ԱԱՀ–ից հրաժարվելու հարցն է։

Կարդացեք նաև

Back to top button